Մատչելիության հղումներ

Ռուս սահմանապահների հեռացումը «Զվարթնոց»-ից լուրջ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերություններում. փորձագետ


«Զվարթնոց» օդանավակայան, Երևան
«Զվարթնոց» օդանավակայան, Երևան

Ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելը թեև Կրեմլի հետ լարված հարաբերությունների հետևանք է, ինչպես նաև Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու փորձ, բայց լուրջ ազդեցություն չի ունենա, կարծում է Ռուսաստանի հարցերով փորձագետ Նարեկ Սուքիասյանը։

«Ի հակադրություն կամ բացառություն այլ դեպքերի՝ այս գործընթացը կազմակերպվեց ավելի սահուն ձևով, պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո իրականացնելու և հայտարարություններ անելու եղանակով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ռուս սահմանապահները նախօրեին հեռացան «Զվարթնոց»-ից հանդիսավոր արարողությամբ։ Շնորհակալության խոսքերին ու գովասանագրերին, սակայն, կոշտ հայտարարություններն էին նախորդել։ Մոսկվայի հետ լարվածության ֆոնին Երևանն այս գարնանը հայտարարեց՝ օդանավակայանը հսկելու հարցում օգնության կարիք չունեն, Կրեմլի արձագանքը չուշացավ՝ հայտարարեցին, թե այս քայլը Հայաստանի անվտանգության շահերից հազիվ թե բխի։

Ռուս սահմանապահների ավելի քան 3 տասնամյակների ծառայությունն ավարտելու մասին վարչապետ Փաշինյանը հայտնեց մարտին։ Այժմ Կրեմլի արձագանքին սպասել պետք չէ, ասում է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը, ինչ կարող էր լինել, արդեն եղել է։

«Այս անգամ հայկական կողմը գնում է այնպիսի սիմվոլիկ քայլերի, որոնք կարևոր են Ռուսաստանի համար։ Ինչ վերաբերում է հանրային հաղորդակցությանը, օրինակ, երեկ մենք տեսանք, որ օդանավակայանում տեղի ունեցող միջոցառմամբ և դրա միջոցով հարգանքով, կարծես թե, ճանապարհեցին ռուս սահմանապահներին, ինչը կարևոր նշան է ռուսական կողմի համար, և պարգևատրումներ տեղի ունեցան և այլն, այլ ոչ թե դուրս հրավիրվեցին իրենք», - նկատեց նա։

Մայիսի բանակցություններին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի տարբեր մարզերում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված ռուս զինվորականների դուրս բերումն էին համաձայնեցրել։ Նրանք Երևանի խնդրանքով էին տեղակայվել։ Թե ինչ ժամկետներում պետք է հեռանան, որևէ խոսք դեռ չի եղել, միայն հայտնի է՝ ռուս զինվորականները Սյունիքի Ներքին Հանդից են դուրս եկել։

Ռուսաստանի սահմանապահները շարունակում են իրենց ծառայությունը Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին, հնարավոր ավարտի մասին որևէ ակնարկ առայժմ չկա։

«Միտումը հայ-ռուսական հարաբերությունների սառը փուլում գտնվելու շարունակվելու է, բայց թե կոնկրետ ինչ գործողություններ կլինեն, դժվար է ասել», - ասաց փորձագետը։

Ինչո՞ւ Երևանն այս հարցում չի շտապում. Նարեկ Սուրքիասյանի կարծիքով՝ պատճառները ոչ միայն քաղաքական են, այլև զուտ տեխնիկական. Տավուշում սահմանազատումից այդ հատվածի հսկողությունն ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին։ Փորձագետի կարծիքով՝ եթե գործընթացը շարունակվի, ԱԱԾ-ն նոր ռեսուրսների կարիք կունենա, և այս փուլում դժվար թե Թուրքիայի ու Իրանի սահմանն էլ ամբողջությամբ հսկելու որոշում կայացվի։

«ԱԱԾ զորքերի ինստիտուցիոնալ կարողությունները պետք է ավելացվեն, և լրացուցիչ բեռ է դրվելու այդ զորքերի վրա, որոնք, վստահ չենք, նման ծավալի կարողությունների նման արագությամբ կարող են զարգացնել, թե չէ», - ասաց նա։

«Զվարթնոց»-ի ու սահմանային անցման մյուս կետերի համար աշխատանքի ընդունելությունն ԱԱԾ-ն գարնանն էր սկսել, արդյունքների մասին չի հաղորդվել։ Վերջերս քաղաքացիները դժգոհում են «Զվարթնոց»-ի անձնագրային հսկողության հերթերից։ Օդանավակայանից արձագանքել էին՝ անում են ամենը ուղևորներին հնարավորնիս արագ սպասարկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG