Մատչելիության հղումներ

Հանրապետական նոր Կոնգրեսը և Օբաման


Այս շաբաթ Վաշինգտոնը առերեսվում էր իշխանության փոխանցման հետ: Կոնգրեսի նոր գումարումով հանրապետականները ստանձնեցին նաև Սենատի վերահսկողությունը:

Հանրապետականները մեծամասնություն դարձան միջանկյալ ընտրությունների արդյունքում:

Նորընտիր հանրապետական սենատոր Քորի Գարդները նշում է, որ իրենք եկել են ուղղելու իրավիճակը Վաշինգտոնում, որտեղ, նրա խոսքերով, ամեն ինչ ձեռքից գնացել է:

Կապիտոլիումում մարտականորեն տրամադրված նորընտիր սենատոր Թոմ Թիլլիսը ասում է, որ քրոնիկ փակուղու մեջ հայտնված Կոնգրեսը հանրապետական մեծամասնության ներքո նորից աշխատունակ կդառնա: «Միջոցներ կձեռնարկենք վերադարձնելու գործունյա ոգին՝ կենտրոնանալով այն միջոցառումների վրա, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանը», - ասել է սենատոր Թիլլիսը:

Սակայն հանրապետականների օրենսդրական օրակարգը լեցուն է նախագահ Օբամայի հպարտության առարկա հանդիսացող առողջապահական բարեփոխման նման որոշ ձեռքբերումների չեզոքացման, սահմանափակման կամ հիմնովին վերափոխման նախաձեռնություններով, թեև փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերով՝ առողջապահական բարեփոխման օրենքը ազդում է նախատեսված կերպով՝ առանց բարդությունների:

«Կարծում ենք, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուրը առողջապահական ապահովագրություն ունենալու իրավունք ունի և մեր այս օրենքը տալիս է այդ իրավունքը»,- ասել է Ջո Բայդենը:

Շատ հանրապետականներ դեմ են նաև նախագահի գործադիր հրամանագրերին՝ մեկը ուղղված ի շահ փաստաթուղթ չունեցող միլիոնավոր ներգաղթյալների, իսկ մյուսը՝ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն:

«Մենք ջանք չենք խնայելու այդ առումով, թեպետ պետք է գիտակցենք, որ մեր առջև ծառացած մարտահրավերները չեն լուծվելու առաջիկա 24 ամիսների ընթացքում: Մենք պետք է հող նախապատրաստենք 2016 թվականի ընտրությունների համար»,- հայտարարել է նորընտիր հանրապետական սենատոր Բեն Սասեն:

Դեմոկրատները, սենատոր Չաք Շումերի նման, նույնպես մտորում են գալիք ընտրությունների մասին: «Եթե մենք հզոր տնտեսական առաջընթացի ուղերձ հղենք միջին դասին, դա ոչ միայն կհամախմբի մեր կուսակցությունը, այլ նաև 2016 թվականին կայանալիք ընտրություններում կնպաստի մեր հաղթանակին»,- կարծում է նա:

Կապիտոլիումում այս շաբաթ կկենտրոնանան իշխանության փոխանցման արարողակարգային հարցերի վրա, սակայն դրանից հետո կսկսվի օրենսդրական աշխատանքների դժվար ու ծանր ուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG