Մենտելագո գյուղը գտնվում Նուջան լճի ափին: Այն կապված է Մինդորո կղզու էլեկտրական ցանցին, սակայն կապը կայուն չի: Համայնքի ղեկավար ֆելիքս Գիդան մտահոգված է կայուն էլեկտրականություն ապահովելու խնդրով։ «Սա հեռավոր գյուղ է: Ուստի ուժեղ մրրիկների պարագայում էլեկտրագծերը կտրվում են»,-ասում է նա:
Շրջակա հրաբխային բլուրները ճարտարագետները օգտագործում են ներերկրյա էներգիայի արդյունահանման նպատակով: Նրանցից Ֆիդել Քորեան ասում է, որ 40 մեգավատ էլեկտրաէներգիա են ստանում երկրաջերմային աղբյուրներից, որոնք գրեթե անսպառ են: Մասնագետները պնդում են, որ վերականգնվող ու էկոլոգիապես մաքուր հոսանք ստանալու այս ձևը գրեթե երկու անգամ ավելի էժան ինքնարժեք ունի: Մանիլայում և Ֆիլիպինների այլ հատվածներում էլեկտրաէներգիայի պակաս է զգացվում հատկապես ամենաշոգ ամիսների ընթացքում, երբ լայնորեն օգտագործվում են օդորակիչները։
Ըստ Ֆիլիպինների տնտեսագիտական համալսարանի վերլուծաբան Բենջամին Դիոկնոյի՝ նման պակասորդ առաջ է գալիս երկրաբանական էներգիայի ու ենթակառուցվածքների մաշվածությունը անտեսելու պատճառով: «Ապահովելու համար մեր աճող կարիքները ամեն տարի մենք հավելյալ 600 մեգավատ հզորություն ստեղծելու կարիք ունենք», - ասում է նա։
Ըստ ինժեներների՝ էներգիայի նման աղբյուրի արդյունահանումը բավականին յուրահատուկ է, բայց տնտեսապես ու շրջակա միջավայրի պահպանության առումով՝ չափազանց արդյունավետ:
Հայաստանը ևս գտնվում է ակտիվ հրաբխային գոտում, ուր ժամանակին Համաշխարհային բանկի կողմից Սյունիքում ու Գեղարքունիքում տարվել են հետազոտական աշխատանքներ ու հայտնաբերվել երկրաջերմային էներգիայի աղբյուրներ: