Մատչելիության հղումներ

ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում է սանիտարական ստուգումների հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման ծրագիր

Ռուսաստանը Հայաստանից պահանջում է ներկայացնել սանիտարական ստուգումների արդյունքները և հստակ ծրագիր՝ ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջները պահպանելու համար։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից։

«Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև Հայաստանի առաջարկած գործողությունների ծրագիրը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման համար»,- հայտնել են գերատեսչությունից։

Ռուսաստանը մայիսի սկզբից սկսել է սահմանափակումներ կիրառել Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը նախկին ծավալով վերսկսել միայն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշները խստորեն պահպանելու դեպքում։

Ռուսաստանը հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու համար պահանջում է ԵԱՏՄ անվտանգության չափանիշների խստիվ պահպանում, այդ թվում՝ հումքի, թունաքիմիկատների և արտադրանքի հետագծելիության նկատմամբ վերահսկողություն։

Այս հարցը օգոստոսի 13-ին Ալմաթիում քննարկել էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղնախարար Օքսանա Լուտը։ Կողմերը նաև պայմանավորվել էին ակտիվացնել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռոսսելխոզնադզորի» համագործակցությունը։

XS
SM
MD
LG