Մատչելիության հղումներ

8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը վերախմբագրվել է. ՌԴ ԱԳՆ հայտարարությունից ժամեր անց պնդում է ԿԳՄՍՆ-ը


8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի կոշտ հայտարարությունից ժամեր անց Հայաստանի կրթության նախարարությունից հայտնում են, թե այն արդեն վերախմբագրվել է։

Ըստ հանրակրության վարչության պետ Թամարա Սարգսյանի՝ 19-րդ դարասկզբին Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու թեմայից հեռացվել է «բռնակցում» բառը։

«Առաջարկվել է վերանայել այդ մոտեցումն, ու հեղինակային խումբը վերնագրի ձևակերպումը վերանայել է և համապատասխանեցրել է այն ձևակերպումներին, որն ունենք Հայոց պատմություն առարկայի առարկայական ծրագրում», - ասաց Սարգսյանը:

Դասագրքում ռուս-պարսկական պատերազմներից հետո 19-րդ դարասկզբին Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանի գավառների անցումը Ռուսական կայսրությանը որպես ռուսական բռնակցում էր նկարագրվել։

Արդյոք վրիպակի՞, թե՞ անուշադրության հետևանք էր դասագրքի՝ աղմուկ հանած հատվածը։

«Ոչ այնքան վրիպում էր, որքան գուցե հարցն այդ տեսանկյունից չէին դիտարկել», - ընդգծեց Թամարա Սարգսյանը:

Հանրակրության վարչության պետն այսօր, սակայն, չպարզաբանեց՝ ինչո՞ւ վերախմբագրման մասին հրապարակավ խոսեցին միայն ՌԴ արտաքին գերատեսչության կոշտ քննադատությունից հետո։ Պաշտոնյան պնդեց, թե փոփոխության պատճառն իրենց ստացած բողոքներն են։ Սարգսյանը, սակայն, չհստակեցրեց՝ արդյոք ռուսական կողմն ավելի վաղ՝ ոչ հրապարակավ ու պաշտոնապես իր դժգոհությունների մասին հայտնել է։

Դասագրքի համահեղինակ Սմբատ Հովհաննիսյանն այսօր «Ազատության»-ն ասաց, թե անցած ամիսներին՝ մասնագետների բազմակի ստուգումներից և փորձագիտական հանձնաժողովի դիտարկումներից հետո է դասագրքի նախնական տարբերակը փոփոխվել. աղմուկի պատճառ դարձած հատվածը, որ վերնագրված էր «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին», հիմա դարձել է պարզապես «Արևելյան Հայաստանը և ռուս-պարսկական պատերազմները»։ Պատմաբանն այսքանով սահմանափակվեց, այլ հարցերի չպատասխանեց:

ՌԴ արտգործնախարարությունը երեկ «պատմությունը վերաշարադրելու անամոթ ու ընդհանուր անցյալը խեղաթյուրող աննրբանկատ փորձ» էր որակել դասագրքի չշտկված տարբերակը։

«Կասկածի տակ դնել Ռուսական կայսրության, հետագայում էլ՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձևավորման գործում, նշանակում է դեմ գնալ ընդհանուր առմամբ հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է», - երեկ հայտարարել էին ՌԴ ԱԳՆ-ից՝ հուսալով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այդ բովանդակությամբ դասագիրքը մտնի դպրոցներ։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ դասագրքի վերաբերյալ չի հասցրել քննարկում ունենալ հայ պաշտոնյաների հետ։ Սակայն նա էլ իր հերթին այսօր Հայաստանի կրթության փոխնախարարի ներկայությամբ անդրադարձավ դասագրքի թեմային՝ այն պատմության վերաշարադրման փորձ որակելով։ Սակայն Կարեն Գիլոյանը, որ սպորտի ոլորտն է համակարգում, դեսպանի խոսքին չարձագանքեց։ Կոպիրկինն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ իր ձևակերպմամբ՝ «հարցի բարոյական հանգամանքը՝ նախկինների հիշատակը հարգելն է»:

«Դեռ իմ կողմից ինչ-որ առարկայական քննարկումներ չեն եղել։ Ես երկրորդ օրն է՝ ինչ վերադարձել եմ արձակուրդից, բայց կարծում եմ, որ սա այն թեման է, որ արժե միասին քննարկել», - ասաց դեսպանը։

ՌԴ դեսպանն այսօր Արմավիրում մասնակցում էր Օշականի հերոսամարտի 197-րդ ամյակին նվիրված միջոցառմանը։ 1827 թվականին ռուս-պարսկական ճակատամարտում ռուս-հայկական կողմը հաղթանակ էր տարել։ Այս ճակատամարտից ամիսներ անց կնքվեց Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը, որով Պարսկաստանից Ռուսաստանի տիրապետության տակ անցան Երևանի, Նախիջևանի խանություններն ու Օրդուբադի գավառը:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG