Մատչելիության հղումներ

ՔՊ պատգամավորներին կես տարի է մտահոգում է «Շողակաթ»-ի հարցը


«Շողակաթ»-ի լոգոն՝ հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից
«Շողակաթ»-ի լոգոն՝ հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից

Իշխանական պատգամավորներին կես տարի է մտահոգում է Մայր Աթոռին պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերության ֆինանսավորման հարցը:

Ազգային ժողովի դահլիճում հինգ ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկեց դադարեցնել հոգևոր-մշակութային ալիքի ֆինանսավորումը, պետբյուջեից հատկացվող գումարը Հանրայինին տալ. - «Իսկ չի լինի՞՝ էդ 206 միլիոնն էլ տանք Հ1-ին՝ ինքը հարստացնի իրա մշակութային-կրթական բազան հաղորդումների, ավելի շատ պրոդուկտ տա, և, օրինակ, էդ «Շողակաթ»-ի հարցը փակենք ընդհանրապես»:

Անցած շաբաթ էլ բյուջեի նախնական քննարկմանը Ծովինար Վարդանյանը մտահոգվեց ոչ արդյունավետ բաշխումներով, նա էլ կողմ էր, որ այդ գումարը Հանրային ռադիոյին տան։

«Ես վստահ եմ, որ ստեղից շատ քչերի մոտ է, օրինակ, հեռուստացույցը միացրած լինում և դա լինում է անպայման «Շողակաթ»-ը, որովհետև՝ «այ, գնամ միացնեմ «Շողակաթ»-ը, հեսա կարևոր բան եմ նայելու էնտեղ, հա՞», - հայտարարեց Վարդանյանը:

«Ես չեմ համարում, որ թե՛ «Շողակաթ»-ը, թե՛ ռադիոն անարդյունավետ են աշխատում: Նրանք աշխատում են իրենց կարողությունների չափով և երբեմն նույնիսկ ավելին», - արձագանքեց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը 26 տարի առաջ։ Հիմնական ֆինանսավորողը եկեղեցին է։ Շենքն ու տեխնիկան էլ եկեղեցուն են պատկանում։

«Թող մշակութային ալիք լինի, թող մրցույթով լինի, մենք հազար անգամ էդ մասին խոսել ենք: Վերցնել տալ մի հատ կրոնական կազմակերպության, որը ամենևին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում», - ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

«Շողակաթ» ալիքը դա մշակութային ալիք է, կրոնական ալիք չի», - հակադարձեց Արա Շիրինյանը:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը Ղազարյանին բացատրում էր՝ հանրային հեռարձակումը մրցույթով չէ։ Հոգևոր-մշակութային ալիք ունենալը միջազգային պահանջ է։ Եթե առանձին հեռուստաընկերություն ստեղծվի, միլիարդներ են պետք, իսկ հիմա պետբյուջեից, իր ձևակերպմամբ, սարսափելի փոքր գումար են հատկացնում ու պատվիրում մշակութային, կրթական, ճանաչողական հաղորդումներ։ 220 միլիոն են տալիս, որից մոտ 100 միլիոնը, ասաց, հարկերի, վճարների տեսքով վերադառնում է բյուջե։

«Եվ ընդհանրապես, եթե մշակութային հաղորդում չլինի, մեր հասարակությունը կլինի քաղաքական կուսակցությունների հասարակություն», - ընդգծեց Շիրինյանը:

«Բացեք մայիս ամսվա «Շողակաթ»-ի բոլոր էդ «Եկեղեցական ժամ», «Կրոնական ժամ» հաղորդումները նայեք, տեսեք, որ իրենք միտինգներ են լուսաբանում: Ես ասում եմ, որ էդ հաղորդումը քաղաքական ցույցերի լուսաբանման հարթակ էր», - պնդեց ՔՊ-ական պատգամավորը:

«Ես համաձայն չեմ, ես չեմ տեսել քաղաքական ցույցի լուսաբանում «Շողակաթ»-ի եթերում, սա չի համապատասխանում ճշմարտությանը, տիկին Ղազարյան», - ասաց Արա Շիրինյանը:

«Մեր եթերը քաղաքականության համար չէ», - իշխանականների մեղադրանքներին հակադարձում է հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանն ու պարզաբանում՝ Բագրատ սրբազանի շարժման ընթացքում լուսաբանումները եկեղեցական կյանքի տրամաբանությամբ են եղել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան լուսաբանել են, քանի որ այդ ժամանակ արքեպիսկոպոսը Տավուշի թեմի առաջնորդն էր։

«Մենք մի ռեպորտաժ ենք ունեցել այդ մասին: Մի նյութ ունեցել ենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդրադարձը այդ իրադարձությանը, որը բոլոր հեռուստաընկերություններն էին հեռարձակում, բնականաբար՝ նաև «Շողակաթ»-ը: Անդրադարձել ենք կասեցմանը հոգևորականի վարչական ծառայությունների, և մի նյութ էլ ունեցել ենք՝ Սփյուռքի մեր թեմերի արձագանքը կատարվող իրադարձություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանյա Ղազարյանը:

Այն պահից, երբ Բագրատ Գալստանյանի հոգևոր ծառայությունը սառեցվեց ու նրա առաջնորդած շարժումը վերածվեց քաղաքական շարժման, ոչ մի ռեպորտաժ չի եղել, վստահեցնում է տնօրենը. - «Դա պայմանավորված է ոչ թե նրանով՝ մենք համակրում ենք, չենք համակրում, այլ «Շողակաթ»-ի համար սկզբունքային է այդպիսի թեմաներով այդպիսի խոսակցություն չունենալ եթերում, որովհետև մենք, անկողմնակալության, անաչառության խնդիրները դեռ մի կողմ, մեր եթերը քաղաքական թեմաների համար չի»:

Ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագրում» սրվել «Շողակաթ»-ի հարցը, հաշվեհարդա՞ր են տեսնում վարչապետի հրաժարականը պահանջող Մայր Աթոռի հետ: «Չգիտեմ, չեմ կարող ասել», - նշեց հեռուստաընկերության տնօրենը:

Փաշինյանի իշխանության ու Մայր Աթոռի հարաբերությունները լարված են 44-օրյա պատերազմից հետո։ Բագրատ Գալստանյանի պայքարից հետո ավելի սրվեցին։

Երևանի Մամուլի ակումբի նախագահի կարծիքով՝ Մայր Աթոռի ֆինանսավորմամբ հեռարձակվող հեռուստաընկերությունը քաղաքական պատճառով են թիրախավորել։ «Կապ միանշանակ կա, այո, կոնյունկտուրային որոշում է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բորիս Նավասարդյանը, - «Իշխանությունները և եկեղեցին ունեն բավականին լուրջ հակասություններ, և դա ոչ միայն Բագրատ Գալստանյանի շարժման հետ է կապված, այլ ընդհանրապես ամենաբարձր մակարդակով»:

Քաղաքական հրահա՞նգ կա, թե՞ մի քանի պատգամավորի նախաձեռնությունն է։ Նավասարդյանի տպավորությամբ՝ պատգամավորները դժվար թե նման քայլեր անեին, եթե չկռահեին վերևների մտադրությունները։

«Այսինքն՝ բոլոր վերջին զարգացումները մեր խորհրդարանում և մասնավորապես իշխող կուսակցության ֆրակցիայում այնպիսին են, որ դժվար թե լինի այդպիսի քիչ թե շատ լայն նախաձեռնություն, եթե մտածեին, որ դա չի համապատասխանում բարձր քաղաքական իշխանության ցանկություններին», - ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահը:

Հայաստանի մեդիադաշտում «Շողակաթ»-ն իր հստակ տեղն ունի, ասում է Բորիս Նավասարդյանը։ Եթե բովանդակության հետ խնդիր ունեն, կարող են այդ առումով առաջարկություններ անել։ Երևանի Մամուլի ակումբի նախագահը կասկածներ ունի, թե այդ տեղն ազատելով ավելի արժեքավոր բանով կլցնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG