Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ երաշխիքը, որ ընթացիկ սահմանազատումից հետո Ադրբեջանը նոր տարածքների պահանջներ չի դնի, «մեր դիրքերի լեգիտիմությունն է»։
Հանրային ՀԸ հետ հարցազրույցի ժամանակ հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ չորս գյուղերի սահմանազատումից հետո Ադրբեջանը չի ներկայացնի նոր միակողմանի հավակնություններ այլ հատվածների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Երաշխիքը մեր դիրքերի լեգիտիմությունն է, մեր դիրքերի լեգիտիմությունը արդեն իսկ մեր իսկ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է մեր բոլոր քաղաքականությունները, խոսույթը, անելիքը տեղավորել մեր լեգիտիմ հիմքերի և մեր լեգիտիմ գծերի վրա»։
Նրա ներկայացմամբ՝ 2021, 2022թթ․ իրադարձությունները {ադրբեջանական հարձակումները ՀՀ տարածքի վրա} միջազգային հանրությանը ներկայացվել են այս 4 գյուղերի համատեքստում։
Ըստ Փաշինյանի՝ փորձ է արվել ցույց տալու, որ Հայաստանն է գործել իր լեգիտիմ գծերից անդին։
Վարչապետը նաև ներկայացրեց այս գործընթացին հաջորդող քայլերը՝ 1) սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը երկկողմ, 2) հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ, 3) հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականությունը։