Մատչելիության հղումներ

Պրահայի դատարանն ազատազրկման դատապարտեց Չեխիայի ֆուտբոլի ընկերակցության նախկին նախագահին


Չեխիայի ֆուտբոլի ընկերակցության նախկին ղեկավար Միրոսլավ Պելտան խարդախության համար դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման։ Դատարանը նաև 5 միլիոն կրոն տուգանք սահմանեց (շուրջ 220 հազար դոլար), ինչպես նաև նրան արգելեց պատիժը կրելուց հետո 5 տարվա ընթացքում գործադիր պաշտոն զբաղեցնել։

Պրահայի քաղաքային դատարանը նույն գործի շրջանակում 6 տարվա ազատազրկման դատապարտեց կրթության նախկին փոխնախարար Սիմոնա Կրատախվիլովային, նրան ևս տուգանելով 2 միլիոն կրոնով և արգելելով 6 տարի պետական պաշտոն զբաղեցնել։

Նրանք մեղքը չեն ընդունում և կարող են բողոքարկել դատարանի այսօրվա վճիռները։

Սա վերսկսված գործ է։ Պելտայի դեմ 2021 և 2023 թվականներին դատական վճիռներ էին կայացվել, սակայն վերաքննիչ դատարանը չեղարկել էր դրանք և գործն ուղարկել սկզբնական դատարան։

Գործը բացվել էր 2017 թվականին։ Ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի գրասենյակում։ Դատախազությունը հայտարարել էր Պելտայի մասնակցությամբ ենթադրյալ խարդախության կասկածների մասին՝ կապված պետական սուբսիդավորման հետ։

Դատարանը գտել էր, որ նա օգտագործելով կրթության փոխնախարարի հետ իր անձնական կապերը՝ 176 միլիոն կրոն սուբսիդավորում էր ստացել։ 2017 թվականին ձերբակալվելուց մեկ ամիս անց Պելտան հրաժարական էր տվել ֆուտբոլի ընկերակցության նախագահի պաշտոնից։ Հրաժարական էր տվել նաև կրթության փոխնախարարը, չնայած նա հարուցված գործով ոչ թե կասկածյալ, այլ վկա էր անցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG