Մատչելիության հղումներ

Պրահան վերահաստատում է իր աջակցությունն արդար և կայուն խաղաղության համաձայնագրին․ դեսպան


Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկ, արխիվ
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկ, արխիվ

Չեխիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական ու կայուն խաղաղության համաձայնագրին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի։

Հարցազրույցում, որը կայացել է մարտի 13-ին, դեսպանը նշել է, որ ուշադիր հետևել են իրադարձությունների զարգացմանը և տեղեկացված են խաղաղության համաձայնագրի տարբեր առաջարկների փոխանակման մասին։

«Մենք գնահատում ենք, որ բանակցային գործընթացը շարունակվում է և ընդունում ենք Հայաստանի ղեկավարության կառուցողական մոտեցումը՝ լուծմանը ձգտելու հարցում։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի կառավարությունը հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Հուսով եմ, որ խաղաղության պայմանագիր շուտով կստորագրվի, և որ այն կնպաստի Հայաստանի ծաղկմանը», - ասել է Պիրունչիկը։

«Հպարտ ենք, որ Չեխիան կարող է ԵՄ դիտորդական առաքելության զգալի մաս լինել»

Հունվարին 29-ին Եվրոպական խորհուրդը երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը, երկարաձգեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը։

Դեպանն ասել է՝ հպարտ են, որ Չեխիան կարող է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության զգալի մաս լինել:

«Ներկայում յոթ չեխեր հպարտությամբ ծառայում են առաքելության կազմում», - նկատել է դիվանագետը՝ կրկնելով․ - «Մենք՝ չեխերս, կցանկանայինք տեսնել խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս»։

Չցանկանալով մեկնաբանել ԵՄ առաքելության շուրջ Բաքվի դժգոհությունները՝ դեսպանը պարզապես հիշեցրել է՝ առաքելությունը դիտորդական է, որի հիմնական նպատակն է նպաստել ավելի անվտանգ տարածաշրջանին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:

Բաքուն եվրոպացի դիտորդների գործունեությունը «հեռադիտակային դիվանագիտություն» է անվանել և տևական ժամանակ է պահանջում է սահմանից հեռացնել դիտորդներին։

«Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է ԵՄ-ով»

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծին՝ դեսպանը ողջունել է նախաձեռնությունը՝ շեշտելով՝ այն մեծամասամբ համարում են Եվրամիության հետ հարաբերությունների խորացման Հայաստանի շահագրգռվածության ազդանշան։

«Հայաստանի ժողովուրդը ցանկանում է լավ կյանքով ապրել և հետաքրքրված է ԵՄ-ով։ Միևնույն ժամանակ, կան ստանդարտ ընթացակարգեր, թե ինչպես է երկիրը դառնում Եվրամիության անդամ։ Մինչ այժմ, ստանդարտ ընթացակարգերը չեն մեկնարկել։ Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և Եվրամիության հետ համագործակցության ակտիվացման ուղուն», - ասել է դեսպանը։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG