Մատչելիության հղումներ

Պուտինը հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանում կհանդիպի Փեզեշքիանի հետ


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 11-ին կայցելի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ մասնակցելու միջազգային ֆորումի։

Վերջին անգամ Պուտինն Աշխաբադում է եղել 2022 թվականի հունիսին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն երեկ ասել է, որ Աշխաբադում Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկկողմ հանդիպման պայմանավորվածություն կա։ Ավելի վաղ այս հանդիպման մասին չի հաղորդվել։

Սեպտեմբերի կեսերին Ռուսաստանում Իրանի դեսպանը տեղեկացրել էր, որ Փեզեշքիանը կմասնակցի BRICS խմբի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի Կազան քաղաքում հոկտեմբերի 22-ից 24-ը, և նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշվել է նաև, որ այդ այցի շրջանակներում էլ Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել համապարփակ համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի տեքստն արդեն պատրաստ է, թեև բովանդակության մասին չի հաղորդվում։

Ուշակովը չի հստակեցրել, թե որն է երկու շաբաթվա ընթացքում Իրանի և Ռուսաստանի նախագահների երկու հանդիպում ունենալու անհրաժեշտությունը, սակայն ասել է, որ որ այս հանդիպումը մեծ նշանակություն ունի «Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը քննարկելու համար»։

Իրանը 2024-ի ընթացքում արդեն երկրորդ անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելին։ Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողություններ է իրականացնում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման դեմ և նաև սպառնում է պատասխան հարված հասցնել Իրանին։

Արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են նաև Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ ԱՄՆ վարչակազմն արդեն մի քանի ամիս է՝ զգուշացնում է Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու հետևանքների մասին։ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ։ Իրանի իշխանությունները հերքում են Մոսկվային Ուկրաինայի պատերազմի համար զենքի տրամադրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG