Մատչելիության հղումներ

Քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև, քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր


Քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև, 20-ը մայիսի, 2024թ․
Քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև, 20-ը մայիսի, 2024թ․

Բաքվի և Թբիլիսիի միջև զարգացող ռազմավարական փոխշահավետ գործընկերային հարաբերությունները կարևոր գործոն են Հարավային Կովկասում առաջընթացի համար, ըստ ադրբեջանական կողմի, Բաքվում հայտարարել են Ադրբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարներ Սամիր Շարիֆովն ու Լաշա Դարսալիան։

Երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ տրանսպորտի, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների համատեղ ջանքերով և մասնակցությամբ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերը ծառայում են նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հաստատմանը։

Ադրբեջանական կողմը նշում է, որ Շարֆովն ու Դարսալիան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Նշվում է, որ ադրբեջանական կողմը նաև տեղեկություններ է տվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։

Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին, Վրաստանը պաշտպանում և իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ձեռքբերմանը։

Այս տարվա փետրվարին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Իլյա Դարչիաշվիլին էր խորհրդարանի ամբիոնից հայտարարել, թե Վրաստանը բազմիցս նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ գործարկելով «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։

Բաքուն էլ իր հերթին նշում էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի և փոխգործակցություն կհաստատի Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG