Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք շրջհարկի փոփոխության դեմ. հազարավոր ՓՄ ձեռնարկատերեր արդեն միացել են


«Եթե ինքը մեր հարկերը բարձրացնում ա, մենք ուզած-չուզած ապրանքի գինն ենք բարձրացնում, իսկ քաղաքացին գալիս ա առնելու, չէ՞, էդ ապրանքը, պետք ա թանկ առնի էդ ապրանքը ... »:

Փոքր և միջին ձեռնարկատերերը դարձյալ փողոց են դուրս եկել. հարկային բեռի կրկնակի ավելացման դեմ ամիսներ շարունակ բողոքող քաղաքացիներն այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ իրենց հետ բերելով ավելի քան 2 հազար ստորագրություն: Մի քանի օր առաջ սկսված ստորագրահավաքի պահանջն է կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները.

«Տոնավաճառներ ոչ մեկ չի գնում, էդ մարդիկ ո՞նց կարող են 5 տոկոսը 10 տոկոս վճարելու ... »:

Ավելի թեթև հարկային ռեժիմով՝ շրջանառության հարկով աշխատող տասնյակ հազարավոր փոքր բիզնեսների համար տարեսկզբից շրջանառության 5 տոկոս հարկի դրույքաչափը 10 դարձավ. ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ տարբեր տոնավաճառներում զարդերից մինչև հագուստ վաճառողները բողոքի ակցիաներ սկսեցին՝ պնդելով, թե այդչափ հարկ վճարելով աշխատել պարզապես հնարավոր չէ, գուցե առհասարակ փակվեն:

Կառավարության առաջարկը, որ շրջանառությունը փաստաթղթավորելու դեպքում հնարավոր կլինի նույնիսկ ավելի քիչ հարկ վճարել, ձեռնարկատերերն իրատեսական չեն համարում՝ ընդգծելով, որ շատ ապրանքներ, ծառայություններ գույքագրելն անհնար է:

Բողոքի ալիքի ֆոնին փետրվարի վերջին Կառավարությունն առևտրով զբաղվողներին աջակցության կես տարվա ծրագիր ներկայացրեց՝ ըստ էության առաջարկելով վճարել ավելացված չափով, հետո դիմել ու հետ ստանալ տարբերությունը. միայն թե նախապայման կա՝ բիզնեսներն իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացնեն Հարկայինին:

Այսօր Կառավարության դիմաց հավաքվածներին «Ազատություն»-ը հարցրեց՝ դիմե՞լ են այս աջակցության համար, դրական պատասխան չստացավ.

«Նախ՝ վստահություն չկա, երկրորդն էլ՝ օգտվելու համար շատ նախապայմաններ կան, որոնցից օգտվելու համար շատ նախապայմաններ կան, որոնցից մեկը, օրինակ, բարդ գույքագրումն է, և այն», - ասաց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նա հայտնեց, որ հարկային փոփոխությունների դեմ ստորագրահավաքին ավելի քան 2 հազար 300 քաղաքացի է միացել. - «Բոլորի էս ստորագրություններով մուտք ենք անում Կառավարության ղեկավարի անունով, որովհետև մեր բազմաթիվ հանդիպումների արդյունքում՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ տարբեր գերատեսչության ղեկավար կազմերի հետ, հասկացել ենք, որ որոշում ընդունողը մի հոգի է, և բնական է՝ էստեղ ոչ թե պետք է լինի մենախոսություն, այլ՝ երկխոսություն, հերիք է սենց անկանխատեսելի և բիզնես միջավայրը անընդհատ ցնցումների ենթարկելու որոշումներ ընդունել»:

Այս ստորագրությունների հետևում ոչ միայն փոքր բիզնեսի ներկայացուցիչներն են, այլև՝ իրավաբաններն ու հաշվապահները: Հուլիսի 1-ից էլ նրանց հարկային բեռն է ավելանում. երկուսուկես ամիս անց իրավաբաններն ու հաշվապահները թեթև հարկային ռեժիմով աշխատել այլևս չեն կարողանա, տեղափոխվելու են հարկային ընդհանուր դաշտ՝ վճարելով 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

«Տարվա կեսից հարկման ռեժիմի փոփոխությունն անընդունելի է, մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնելու». - Կառավարության շենքի դիմաց ցույցին մասնակցում էր նաև Հաշվապահների ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը. ընդգծում է՝ իրենց ոլորտում հարկերի ավելացումը փոքր բիզնեսների դրությունն է՛լ ավելի կծանրացնի, ձեռնարկատերերի համար ավելի դժվար կլինի հաշվապահական թանկացած ծառայություններից օգտվելը. - «Բիզնեսի ներկայացուցիչները ստիպված են լինելու շրջանառության հարկի հաշվարկի բարդացումով պայմանավորված դիմել մասնագիտական ծառայությունների, իսկ մասնագիտական ծառայությունները հենց իրենց հարկման ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված ստիպված են լինելու ավելի բարձր գին սահմանել»:

Ակցիայի մասնակիցները կառավարությանը 7-ից 10 օր ժամանակ տվեցին իրենց պահանջին արձագանքելու համար, եթե պատասխան չեղավ, ցույցերը կշարունակվեն: Կառավարությունից այսօր ցուցարարներին մոտեցող չեղավ:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG