Անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն, Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ անվանել ենք անվտանգություն, ինքը բավականին վտանգավոր է եղել։ Մենք անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը, մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով»,-ասաց նա։
Փաշինյանը մի քանի հայտարարություններ արեց՝ ասելով, որ դրանք ֆունդամենտալ խնդիրներ են, օրինակ, որ բարեկեցությունը բավարար չէ, պետք է երջանկություն, կենսունակությունն այլևս բավարար չէ, հարկավոր է կենսուրախություն։
«ՀՀ պետական բյուջեի ծախսման արդյունքում մենք հասել ենք հետևյալին, որ մարտահրավերների, սպառնալիքի փուլը հաղթահարել ենք, որովհետև 2020-2023 թվականներին մենք տեսնում էինք մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ ու անմիջական սպառնալիք, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մենք կարողացել ենք այս բանաձևերի գործարկմամբ մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ ու միջնաժամկետ իմաստով, բայց պետք է հասկանանք, որ երկարաժամկետ իմաստով շատ կարևոր է, որ այս քաղաքականությունը շարունակենք ու իրական Հայաստանի ռազմավարարության վրա հիմնվելով՝ կայացնենք որոշումներ»,- ընդգծեց վարչապետը։