Մատչելիության հղումներ

Լցակայանը տուգանվեց, աշխատեց, պայթեց. ինչ է հուշում եվրոպական փորձը


Փրկարարները մեկուսացնում են հրդեհը, 7-ը հունիսի, 2024թ.
Փրկարարները մեկուսացնում են հրդեհը, 7-ը հունիսի, 2024թ.

Եզրակցություններն ու փաստաթղթերի պատասխանները դեռ չկան. ՔԿ

Երևան - Սևան ճանապարհին տեղակայված գազալցակայանի հուժկու պայթյունից ու հրդեհից չորս օր անց էլ դեռ պարզ չեն պատահարի պատճառները։ Քննչական կոմիտեից ասում են՝ փորձաքննությունների եզրակացություններն ու գազալցակայանի շահագործմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի պատասխանները դեռ չկան:

«Քննության առարկա են ինչպես բուն պայթյունի և հրդեհի պատճառների պարզումը, այնպես էլ տվյալ օբյեկտի շահագործումը սահմանված պահանջներին համապատասխան իրականացված լինելու հանգամանքները։ Իրավասու մի շարք մարմիններից պահանջվել են գազալցակայանի շահագործմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը, որն ընթացքի մեջ է։ Այս փուլում դեռ վաղ է հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները տալ, և որոշակի վարկած առանձնացնել», - փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Առավել վտանգավոր խնդիրները շտկված էին. խոսնակ

Նախնական տեղեկություններով՝ պայթել էր 37 տոննայանոց հեղուկ գազի ցիստեռնը: Վերջին մեկ տարում իրար կողք կողքի գազալցակայան և բենզալցակայան շահագործող «Գազ օիլ» ընկերությունը տուգանվել է 3 անգամ՝ ավելի քան 6 մլն դրամով: Հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ փետրվարին էր բենզալցակայանը փակելու որոշում կայացրել՝ միայն այստեղ 7 խախտում արձանագրելու պատճառով, հիմնականը փորձաքննության բացակայությունն էր, իսկ պայթած գազալցակայանում երկու խախտում էին գտել, որոնցից մեկն էր շտկվել, բայց այս երկուսում էլ չի եղել կայծակից պաշտպանող համակարգը՝ շանթարգելը:

«Առաջին ստուգումից հետո 7-ից 5-ը բենզալցակայանի մասով շտկված են եղել, երկուսի համար տրվել էր կարգադրագիր, մեկ ամիս ժամկետ էր սահմանվել, ժամկետը լրանալուց հետո արձանագրվել է, որ երկու խախտումից մեկը ամեն դեպքում չի վերացվել, և այդ հիմքով կայացվել է դադարեցման որոշում», - «Ազատության»-ն ասաց Տեսչականի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

Ինչո՞ւ էր այդ դեպքում շարունակում գործել գազալցակայանը, որն ի վերջո պայթեց։ Ելենա Զոհրաբյանն ասում է՝ խնդիրը շտկելու ժամանակ էին տվել, որը դեռ չէր ավարտվել, իսկ առավել վտանգավոր խնդիրները շտկված էին: Խոսնակի պնդմամբ՝ շանթարգելի բացակայությունը տնտեսվարողի աշխատանքը կասեցնելու հիմք չէ։

Ռիսկի գնահատման կարգ պետք է մշակվի. ՀԿ նախագահ

«Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն» ՀԿ-ի նախագահ Վլադիմիր Հովսեփյանը համարում է, որ արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության թույլտվությունն ի սկզբանե պետք է համապատասխանեցվի եվրոպական ստանդարտներին. - «Ռիսկի գնահատման կարգ պետք է մշակվի, որը չունենք»։

Գազաբենզալցակայանները միայն քաղաքից դուրս տանելով, ըստ նրա, խնդիրը չի լուծվի: Հիշեցնում է՝ այս մեկն էլ հո քաղաքից դուրս էր:

«Օրինակ՝ Լոնդոնում ո՞նց ա. 50 տարի է՝ ոչ մի բենզալցակայան կամ գազալցակայան չի վառվել։ Բնակելի շենքերի տակ գործում է բենզալցակայան։ Շվեյցարական շատ քաղաքներում բնակելի շենքերի տակ գործում է գազալցակայան, Գերմանիայում, Չինաստանում ու էլի բազմաթիվ նման երկրներում։ Ես շատ երկրներում եմ եղել, փորձն այդ կառույցներում ուսումնասիրել եմ, հետները զրուցել եմ։ Բենզալցակայանի տիրոջը ոչ թե պետությունն ասում է՝ գնա, սենց բենզալցակայան կառուցի, էս-էս հեռավորության վրա, էս-էս նորմերով, որ պայթի, քիչ մարդու վնաս լինի, պետությունն իրենց ասում է՝ հիմնավորի, որ այս բենզալցակայանն այս շենքի տակ աշխատի, երբեք ստեղ ոչ պայթյուն կլինի, ոչ հրդեհ։ Պատի հաստությունն այսքան է, բակի սերտիֆիկատը սա է… պաշտպանության անվտանգության իրենց համակարգերը բոլորը կրկնակի ապահովում են այդ ամեն ինչը։ Մի տնտեսվարող ուզում է բենզալցակայան կառուցի, տասնյակ տարիներ փաստաթղթեր է հավաքում, հիմնավորում է, թե ոնց անի, որ կառուցի», - ասաց նա։

Մինչ Քննչականը շարունակում է քննությունը, պայթած «Գազ օիլ»-ի սեփականատերերը դեպքի առաջին օրերին կասկածներ էին հայտնել, թե իրենց բիզնեսն ուղղակի պայթեցրել են, ովքեր, ինչու՝ չեն մանրամասնել։ Իրավապահներն էլ որևէ կերպ չեն մեկնաբանել այս պնդումները։ Պայթյունից տուժած 6 քաղաքացի դեռ հիվանդանոցում է, նրանցից 4-ի վիճակը դեռ շարունակում է մնալ միջին ծանրության, երկուսինը՝ ծայրահեղ ծանր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG