Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը Ֆրանսիայում կրկին երկարացվել է մինչև չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ը, հայտնում է AFP-ին: Նրա թիկնապահն ու ուղեկիցը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։
Դատախազությունը զգուշացրել է, որ կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել։ Խափանման միջոցը կարող է տևել մինչև 96 ժամ՝ «կազմակերպված հանցավորության ռեժիմին պատկանող հանցագործությունների նկատմամբ կիրառվող ընթացակարգի համաձայն»։ Այդ ժամկետը լրանալուց հետո դատավորը կա՛մ մեղադրանք կառաջադրի Դուրովին, կա՛մ ազատ կարձակի։
Արաբական Միացյալ Էմիրությունները Ֆրանսիայից արդեն պահանջել է 2021 թվականին ԱՄԷ քաղաքացիություն ստացած Դուրովին տրամադրել բոլոր անհրաժեշտ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հնարավորություն, հայտնում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ԱԳՆ-ն նշել է, որ Աբու Դաբին ուշադիր հետևում է այս գործին։
Telegram-ի հիմնադրի թիկնապահն ու ուղեկիցը, ովքեր «անընդհատ ուղեկցում են նրան», հարցաքննվել են և ազատ արձակվել, հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Դուրովը օրերս է ձերբակալվել Փարիզի օդանավակայանում։
Telegram-ն, անդրադառնալով նրա ձերբակալմանը, նշել է, որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ սոցցանցը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։