Բարձր դատարանն արդեն իսկ մերժել էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, երբ Անահիտ Մանասյանն իրազեկեց՝ մտահոգված է խորհրդարանի կողմից ընդունված օրենքով, որի համաձայն հաջորդ տարվա սկզբից փաստաբաններն ավելի շատ հարկ կվճարեն։
Տեղյա՞կ չէր արդյոք օմբուդսմենը բարձր դատարանի որոշումից. միայն օրվա երկրորդ կեսին գրասենյակը մի երկար տեքստ հրապարակեց, որտեղ նորից ոչ մի խոսք չկա հայցի մերժման մասին, փոխարենը՝ կրկին մտահոգություններ. «Հասարակության լայն շերտերում տարածված մտահոգությունները շարունակում են մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում առկա ողջ գործիքակազմի գործադրմամբ»։
Թե ինչ գործիքների մասին է խոսքը, պաշտպանի հաղորդագրությունում նշված չէ։
Անահիտ Մանասյանը բարձր դատարանից խնդրել էր հակասահմանադրական ճանաչել հունիսին ընդունված հարկային օրենսգրքի այն դրույթը, որով փաստաբանական ծառայություն մատուցողներն այլևս չեն համարվում 5 տոկոս շրջանառության հարկ վճարողներ և անցնում են հարկային ընդհանուր ռեժիմի դաշտ։ Գործադիրը հիմնավորել էր, որ պարզեցված այս հարկը վերածվել է արտոնության մյուս ոլորտների համեմատ։ Փոփոխությամբ հանվեց այս 5 տոկոսն, ու փոխարենը բոլորից պետք է գանձվի ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս, գումարած՝ 18 տոկոս էլ շահութահարկ։
Խնդրահարույցը օրենքը, որ բողոքի ալիք էր բարձրացրել փաստաբանների մոտ, նախքան օրենքի ուժ ստանալն արժանացել էր Արդարադատության նախարարության և ՄԻՊ-ի բացասական գնահատականին։ Իսկ ՍԴ-ն անցած շաբաթ եզրահանգել է, որ «այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի»։
«Մեծագույն հույսերից մեկն էր, որ ՍԴ-ն իր խոսքը կասի, որովհետև իրականում սահմանադրականության հետ կապված լրջագույն խնդիրներ կան», - «Ազատությանն» ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Դեռ հուլիսի 29-ին Փաստաբանների պալատն էր դիմել ՄԻՊ-ին։ Փաստաբաններն ավելի վաղ գործադուլ էին արել, պնդում էին, որ իրավաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։
Արմինե Ֆանյանը շեշտեց՝ նոր փոփոխության հետևանքով այլևս չեն կարողանա անվճար ծառայություններ մատուցել. - «Կոնկրետ անվճարունակ անձանց զրկում է նման հնարավորությունից։ Գաղտնիք չէ, որ ցանկացած փաստաբան իր վարույթում մոտ 20 տոկոս անվճար վարվող գործեր ունի։ Եվ այո, իմ պայքարը չի ընդհատվելու՝ ես անվճար շարունակելու եմ այդ անձանց օգնել, բայց հունվարի 1-ից ես պիտի ասեմ՝ գիտեք, իմ անվճար ծառայությունը պիտի վճարվի։ Դա ուղղակի աբսուրդային է»։
Փաստաբանը միտում է տեսնում այս գործընթացի տակ, ասում է՝ գործադիրն ու օրենսդիրը վրեժ են լուծում արդարադատությունից. - «Անհատ ձեռնարկատիրոջ վրա դնել նման հարկային բեռ, այսինքն՝ օրենքով դուք այսօր 50 տոկոս բաժնեմաս ունեք մեր աշխատած գումարի մեջ։ Ինչո՞վ եք տարբերվում։ Եթե նախկինում բիրտ ուժով էր արվում, դուք այսօր օրենքով եք անում»։
Կառավարության հիմնավորումն է՝ հարկային բեռի արդարացի և հավասար բաշխում ապահովել։ Օրենքին ընդդիմացողները, մինչդեռ, վստահ են՝ արդարություն վերականգնելու ճանապարհին կառավարությունը կզրկի բազմաթիվ մարդկանց իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։