Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:
Իր ուղերձում Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:
Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան՝ Հայաստանի վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Երևան-Վաշինգտոն շարունակական ու ամրապնդվող գործընկերությունը կնպաստի խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` երկու երկրների և տարածաշրջանի համար:
ԱՄՆ-ը նշում է Անկախության 248-րդ ամյակը։