Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. «235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության համար ֆրանսիացի ժողովրդի արդար պայքարի, այլև համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ժողովրդա-վարության հաղթանակի օր։
Ոգեշնչվելով համամարդկային նշանակություն ունեցող այդ բարձր արժեքներից՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստանած բազմաթիվ հայորդիներ ստեղծագործել, արարել և նույնիսկ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Ֆրանսիայի, նրա ազատության և նրա դավանած արժեքների։ Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայում պետական ամենաբարձր մակարդակով հայազգի զավակներին արժանին մատուցելու համար, որոնց թվում էր Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը, ում աճյունն ընթացիկ տարվա փետրվարին Ձեր որոշմամբ տեղափոխվեց Պանթեոն»։
Փաշինյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև առկա հարաբերությունները, որոնք «խարսխված են դարերի փորձությունները հաղթահարած և թրծված անկեղծ բարեկամության, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքերի վրա»։
«Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակ¬ցությունը՝ հնարավորություն տալով նախանշել մեր պետությունների միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղիները։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար հայ ժողովրդի կողքին կանգնելու, մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու Ձեր վճռական հանձնառության և անմիջական դերակատարության համար», - նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է պետական այցով այս տարվա սեպտեմբերին Հայաստանում Էմանյուել Մակրոնին հյուրընկալելու հրավերը։