Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1971 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ: Այս տարի այն անցկացվում է «Համագործակցություն խելացի դարաշրջանի համար» խորագրի ներքո։ Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը։
Նախատեսվում է, որ ֆորումին այս տարի կմասնակցեն ավելի քան 350 կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ 60 պետությունների ղեկավարներ։ Հրավեր է ուղարկվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Բաքուն դեռ չի հայտարարել Ալիևի մասնակցության մասին։
Նշվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ֆորումին կմիանա տեսակապի միջոցով։