«Պետությանը վերադարձված ամենատեսանելի և նշանավոր շինությունը», - վարչապետ Փաշինյանն Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի մասին է խոսում. կառույց, որ հանրապետական հուշարձանի կարգավիճակ ունի։
Գործադիրի այսօրվա որոշմամբ՝ շենքը վարձով է տրվում, միակ սահմանափակումը՝ կառույցի պատմական տեսքը չպիտի աղավաղվի։
Շուրջ 652 քառակուսի մետր է տարածքը։ Ով ուզի և փող ունենա ՝ կարող է վարձակալել, ամսվա նվազագույն վարձավճարը 15 միլիոն 450 հազար դրամ, վարձակալության այս մրցույթում կհաղթի նա, ով ավելին կվճարի։
Պոտենցիալ վարձակալը ԱՕԿՍ-ի շենքը կստանա 10 տարով, բայց ևս 10 տարի վարձակալության ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։ Շուրջ երկու տարի դատական քաշքշուկի մեջ հայտնված շենքի ներսում հիմա փոշոտվում են նախկին տերերի լուսանկարները՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն է մի բան ստորագրում, նախկին դեսպան Արմեն Սմբատյանն է տոնական կոնյակով, տարբեր ֆուրշեթների հրավիրատոմսեր են։
Գլխավոր դատախազությունն էր ԱՕԿՍ-ի շենքը պետությանը վերադարձնելու հայց ներկայացրել վարչական դատարան։ Ըստ իրավապահների՝ Հասմիկ Պողոսյանը Սմբատյանի օժանդակությամբ պատմամշակութային շենքը դարձրել են նախ ՀԿ-ի սեփականություն, ապա ձևական գործարքով վաճառել օֆշորում գրանցված ընկերությանը, որը Հասմիկ Պողոսյանի հարսինն էր։ Դատական այս վեճը հանգուցալուծվեց նախորդ տարվա սեպտեմբերին՝ հաշտության համաձայնագրով ու ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվեց պետությանը։
Գործադիրի նախորդ նիստերից մեկում էլ էր Նիկոլ Փաշինյանը խոսել շենքի ճակատագրի մասին, հորդորել կաբինետի անդամներին ճկուն լինել, սահմանափակումներ չկիրառել պոտենցիալ վարձակալների համար:
Կոթողացման տրամաբանությունից դուրս գալ, որ պետությանը վերադարձրած շենքերը բյուջեում հետաքրքիր եկամտային տող դառնան, հիմնավորել էր վարչապետը։
Աբովյան 3 հասցեում մինչև Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեն, այսինքն, մինչև 1944 թվականը, հիվանդանոց է եղել։ Երևանում կանգուն մնացած հազվագյուտ արժեքավոր շենքերից է։
«ԱրԷ» մշակութային հիմնադրամի ղեկավար Մարինե Կարոյանը հիշում է՝ 2018-ին այս շենքում հիմնադրամի միջոցառում էր կազմակերպել, կարծում է՝ մշակութային բովանդակությունն է սազում շենքին։
Վստահ է սակայն, որ նվազագույնը 15.5 միլիոն դրամ ամսվա վճարի պայման սահմանելով պետությունն արդեն իսկ վճռել է՝ մշակութային կազմակերպությունները Աբովյան 3 մտնելու հույս չեն կարող փայփայել, հարուստ չեն ու ըստ Կարոյանի՝ կավելանա ևս մեկ խանութ կամ ևս մեկ ռեստորան: