Մատչելիության հղումներ

Փաշինյանի կարծիքով՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի:

«Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», - հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արցախյան ազատագրական շարժումը մեկնարկել է1988-ի փետրվարին:

«Դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, եթե հայ ժողովուրդը դրա հետ համաձայն չլինի, ես կդադարեմ լինել վարչապետ», - հայտարարեց վարչապետը:

Բաքուն Երևանից շարունակում է պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ ասել էր՝ Երևանն արդեն հայտնել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին, սակայն «ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:

Արտգործնախարար Միրզոյանն էլ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։

XS
SM
MD
LG