Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։
Փաշինյանն իր ցավակցություններն է փոխանցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:
Ըստ հայկական կողմի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում Թեհրան այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար:
Հայաստանի վարչապետի գրասենյակը նշում է, որ Փաշինյանն ու Ալի Խամենեին համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
Փաշինյանն այսօր է ժամանել Թեհրան՝ մասնակցելու հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։
Հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնկացելու նպատակով Թեհրան են մեկնել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։