Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Հայոց ցեղասպանության հարցն իսկապես դուրս է մղվում ընդհանրապես քննարկումների տիրույթից, «Ազատության» եթերում հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ պարզաբանելով, թե ինչու էին վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մայիսի 31-ին գնացել Արտգործնախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Ե՛վ Բագրատ սրբազանը, և՛ շարժման այլ մասնակիցներ, այդ թվում՝ նաև նախկին դիվանագետներ, դեսպաններ արևելագետներ հարցեր էին հնչեցնում այսօրվա վարվող ոչ հայանպաստ քաղաքականության վերաբերյալ, և, ցավոք, արտգործնախարարությունից որևէ ներկայացուցիչ, տեսնելով մարդկանց ներկայությունը և հնչեցվող հարցերը, չիջավ, չմեկնաբանեց և չպարզաբանեց որևէ հարց այնտեղ», - ասաց Գրիգորյանը՝ շեշտելով․ - «Մենք արդեն տեսնում ենք Էրդողանի հնչեցրած մտքերից, որ «պատմության էջերը պետք է փակել», «այն ինչ տեղի է ունեցել պետք է մնա անցյալում, դա որևէ ազդեցություն չպետք է ունենա երկկողմ հարաբերությունների վրա», թույլ է տալիս յուրաքանչյուր հայ մարդու անհանգստություն հայտնել, որ ինչ-որ պահի նաև Հայոց ցեղասպանությունը կարող է այսպես ասած դադարել որպես էդպիսին գոյություն ունենալ որպես քաղաքական առաջնահերթություն՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը»։
Գրիգորյանը հիշեցրեց նաև Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը։ Ինստիտուտը քննադատել էր Հայաստանի վարչապետին նրա ապրիլքսանչորսյան ուղերձի պատճառով։ Կազմակերպության փորձագետները պնդել էին, թե Նիկոլ Փաշինյանն իր մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։
Իշխող ուժն այս հայտարարությունը «կոպտագույն միջամտություն» էր որակել Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին՝ շեշտելով՝ «ՀՀ վարչապետը և, առհասարակ, որևէ պաշտոնյա Ցեղասպանությունը հարցականի տակ դնող տառ անգամ չի արտաբերել»։
Հայաստանի վարչապետն, անդրադառնալով ցեղասպանությանը, ապրիլի 24-ի ուղերձում խոսել էր աշխարհաքաղաքական խարդավանքների մասին։ Փաշինյանը, սակայն, դրանում չէր նշել Օսմանյան Թուրքիայի մեղավորության ու ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին։
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․