Բաքվում Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ կայացված վճիռը գտնվում է Ադրբեջանի դատարանի իրավասության ներքո, և ֆրանսիական կողմն իրավունք չունի կասկածի տակ դնելու այս որոշումը, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Ֆրանսիան, որ իրեն համարում է «օրենքի պետություն», անտեսում է Ադրբեջանի դատական ընթացակարգերը։ Սա անընդունելի է», - հայտարարել է Հաջիզադեն:
Օրերս ադրբեջանական դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի քաղաքացուն՝ Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու համար։
Նույն գործով անցնող Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիները դատապարտվել են շուրջ 3 հազար 500 եվրո տուգանքի։
Փարիզն իր դժգոհությունն է արտահայտել Բաքվի որոշման առնչությամբ՝ այն որակելով «կամայական և բացահայտ խտրական վերաբերմունք»:
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը ևս դատապարտել է Ֆրանսիայի քաղաքացու բանտարկությունը՝ ընդգծելով, որ գործով անցնող երկու այլ ամբաստանյալներ, որոնք այլ ազգի քաղաքացիներ են, նույն մեղադրանքով ոչ թե ազատազրկվել են, այլ ուղղակի տուգանվել:
Բաքուն պարզաբանել է, թե Ֆրանսիայի քաղաքացին դատապարտվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով՝ շեշտելով՝ Տեգո Կլերկը նախկինում Ֆրանսիայում պատժվել էր նմանատիպ գործողությունների համար և տուգանվել։
«Ընդհանուր առմամբ, ըստ հետաքննության և դատարանի եզրակացության, հանցագործությունը կատարելիս Ֆրանսիայի քաղաքացին աչքի է ընկել առանձնահատուկ նախաձեռնողականությամբ և ակտիվությամբ։ Ինչպես նաև դատարանին տված նրա ոչ անկեղծ ցուցմունքներն ու կատարած արարքի համար զղջալու բացակայությունը նշվում են որպես պատժի խստության գործոններ», - նշել է Հաջիզադեն՝ շեշտելով Ֆրանսիան աշխարհին փորձում է «ժողովրդավարության դաս տալ, բայց ավելի լավ կլինի ինքը դասեր քաղի»։
Օտարերկրացիները ձերբակալվել են մարտի 30-ին։ Նրանք մուտք էին գործել Բաքվի մետրոպոլիտենի դեպո՝ գնացքների վրա գրաֆիթիներ անելու նպատակով։ Ադրբեջանական դատախազությունն էլ նրանց պետական գույքի կանխամտածված վնասման մեղադրանք էր առաջադրել։