Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի խորհրդարանը Ռուսաստանին խորհուրդ է տալիս «իր գործով զբաղվել»


Ուզբեկստանի խորհրդարանը Ռուսաստանին խորհուրդ է տվել «իր գործով զբաղվել»։ Պատգամավորն այսպես է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարության հարցմանը, որով Մոսկվան բացատրություն էր պահանջել Տաշքենդից՝ դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Դեպքը սեպտեմբերի 23-ին էր եղել։

Երեխայի մոր խոսքով՝ ռուսերենի ուսուցիչը ծեծել է իր երեխային, երբ նա խնդրել է դասն անցկացրել ռուսերենով ուզբեկերենի փոխարեն: Կադրերում երևում է, թե ինչպես է ուսուցիչը կոպտորեն աշակերտին հանում գրասեղանի մոտից, հրելով տանում գրատախտակի մոտ, բռնում պարանոցից ու ծեծում, ինչից հետո երեխան կորցնում է հավասարակշռությունը։

Հաղորդվում է, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել փորձաշրջանով, և դեպքը տեղի է ունեցել նրա աշխատանքային առաջին օրը։

Երեխաների իրավունքների պաշտպանի գրասենյակը հետաքննություն է սկսել։ Տեսանյութը տարածվել էր ռուսական սոցհարթակներում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, և որ Մոսկվան ուզբեկական կողմից պաշտոնական պարզաբանում է խնդրել ու պահանջել միջոցներ ձեռնարկել մեղավորի դեմ։ Ի պատասխան՝ Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատի ներկայացուցիչը Ռուսաստանին կոչ է արել «զբաղվել սեփական խնդիրներով»։

«Ուզբեկստանի քաղաքացու երեխայի իրավունքները խախտվել են Ուզբեկստանի դպրոցներից մեկում և միջոցներ կձեռնարկվեն Ուզբեկստանի ժողովրդի անունից գրված օրենքների հիման վրա», - ասել է պատգամավորը՝ ի պատասխան Ռուսաստանի հարցման։

Կրթության փորձագետ Կոմիլ Ջալիլովն էլ ասել է. «Հյուսիսում գտնվողներին, ովքեր իրենց դեռ համարում են «մեծ եղբայր» կամ «մեծ քույր», կարող ենք ասել, որ Ուզբեկստանն ինքնիշխան պետություն է, և որ Ուզբեկստանի դպրոցների կարգապահության խնդիրները մենք ինքներս կարող ենք լուծել»։

Ավելի ուշ Ռուսաստանի ու Ուզբեկստանի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Ըստ Ուզբեկստանի արտգործնախարարի, ընդգծվել է միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի կարևորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG