Մատչելիության հղումներ

Ուստարվա մեկնարկից ընդամենը 4 օր առաջ քերված, քանդված փողոցներ. երևանցիները վրդովված են


Գրքերը կբաժանեն, դպրոցները կնորոգեն, ուստարվա հաջող մեկնարկին ոչինչ չի խոչընդոտի, սեպտեմբերին ընդառաջ վստահեցնում է կառավարությունը՝ չտալով դասերին կամ աշխատանքին պատրաստվող երևանցիներին հուզող կարևոր հարցերից մեկի պատասխանը. իսկ ընդհանրապես հնարավոր կլինի՞ դասի ու գործի հասնել:

Ուսումնական տարվա մեկնարկից ընդամենը 4 օր առաջ Երևանում դեռ փողոցներն են ասֆալտապատում, քաղաքային իշխանությունները մի ամբողջ եռամսյակ ունեին այս ամենի համար, ակտիվ ասֆալտ, սակայն, միայն վերջին շաբաթներին են անում. և՛ ծայրամասերում, և՛ կենտրոնում քերված, քանդված փողոցներ կան:

Արձակուրդից հետո սովորական կենցաղին վերադարձող երևանցիները վրդովված են. արդեն պատկերացնում են՝ ծանր երկուշաբթի է սպասվում, նյարդային առավոտ՝ խցանումներ, աղմուկ, փոշի:

«Շատ դաժան է, արդեն 10 օր է էն կողմը քանդած, փոշու մեջ կանգնած ենք», - ասաց բնակիչներից մեկը:

Լավատեսներն ավելի քիչ են. «Ինձ թվում է՝ մինչև սեպտեմբեր կսարքեն էլի, ստեղ ներքևում քոլեջներ կան, հաստատ պատրաստ կլինի, որ էրեխեքը գնան դասի»:

Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ ընդհանուր ավելի քան 50 կիլոմետր փողոց են նորոգում: Մայրաքաղաքում քանդված, խրամատներ հիշեցնող փողոցների խնդիրը սրվեց տարեսկզբին՝ առատ տեղումներից հետո։ Քաղաքապետարանը գործի անցավ ամռան վերջին շաբաթներին։

Ընդ որում, նորոգման աշխատանքների ժամանակացույցը վկայում է՝ մինչ սեպտեմբեր քաղաքը անարգել երթևեկության պատրաստելու խնդիր չի էլ դրվել. Բաբաջանյան, Արագածի և մի շարք այլ փողոցներում աշխատանքները կշարունակվեն մինչ սեպտեմբերի երկրորդ կես։

Դասի կամ գործի պատրաստվող քաղաքացիները հիմա հաշվարկների մեջ են. առավոտյան ե՞րբ տնից դուրս գալ, որ հանկարծ չուշանան:

Ավելի մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG