Մատչելիության հղումներ

«Ուրեմն կան անդրկուլիսային ինչ-որ բանակցություններ, և դրա մասին ոնց որ թե Իրանում տեղյակ են». Մարուքյան


«Ուրեմն կան անդրկուլիսային ինչ-որ բանակցություններ, և դրա մասին ոնց որ թե Իրանում տեղյակ են», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Արդեն 2-րդ շաբաթն է՝ չեն դադարում Իրանից ամենաբարձր մակարդակով հնչող զգուշացումները՝ Թեհրանը դեմ է իր ու հարևանների միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, և տրանսպորտային ապաշրջափակումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում։ Վարչապետ Փաշինյանը օրերս չէր բացառել, որ Սյունիքով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհներին անվտանգության լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև Հայաստանում լիցենզավորված մասնավոր պահնորդական ընկերությունները։ Այսօր արդեն Երևանը վստահեցրեց՝ ապաշրջափակվող ճանապարհին 3-րդ ուժերի ներկայությունը և վերահսկողությունը բացառվում է:

«Ազատություն». - Ավելի ու ավելի է ակտիվանում միջանցքի թեման: Դուք կարծում եք, կուլիսներում ինչ-որ գործընթա՞ց է ակտիվ գնում:

Մարուքյան. - Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնավոր արևմտյան ընկերությանը համաձայնելո՞ւ է, որ գան այդտեղ ծառայություն իրականացնեն:

«Ազատություն». - Ինչո՞ւ ոչ:

Մարուքյան. - Որովհետև Արևմուտքի հետ ունի խնդիր, ակնհայտ է: Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կան բազմաթիվ սանկցիաներ, սանկցիաները չեն հանվում, ինչքան բանակցեն-չբանակցեն, ինչ անեն, ոնց անեն, չեն հանվում:

«Ազատություն». - Չարյաց փոքրագո՞ւյնն է. այդպիսի վատատեսական սցենարներ հնչում էին նաև Եվրամիության դիտորդների տեղակայման ժամանակ, և Իրանն էլ մեկ անգամ չէ, որ դեմ է արտահայտվել: Բայց հիմա կարծես մարել է:

Մարուքյան. - Դա չարյաց փոքրագույնը չի, որովհետև դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է նոր փաստաթուղթ ստորագրի Ադրբեջանի հետ, Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ մասնավոր ընկերությունը պետք է իրավունքներ ստանա, որի վրա պետք է Ադրբեջանը իրավունքներ ստանա: Դա, ես կարծում եմ, բացարձակապես անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ մենք ունենք 2 տարբերակ այստեղ՝ կամ նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս ենք գալիս, ինչի մասին ես խոսել եմ, բայց քանի որ վարչապետն ասել է՝ դուրս չենք գալու, էս թեման մի կողմ ենք դնում, ուրեմն պետք է պահանջել նոյեմբերի 9-ի փաստաթղթի չիրականացված կետերի իրականացումը:

«Ազատություն». - Այս միջնորդական կազմակերպությունն ինչո՞վ է վտանգավոր, եթե փոխարտգործնախարարն ասում էր՝ սուվերենությունը պահում ենք, հայաստանցի սահմանապահները կանգնելու են, դա մեր տարածքն է: Նրանք, ըստ էության, կազմակերպչական գործ են անելու, ինչը հարկեն, ինչը՝ չէ, ինչը մաքսայինի տակ մտնի:

Մարուքյան. - Դա, ըստ էության, հայկական մեկնաբանությամբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի կատարվում է, որը բերելու է բախման: Ինչո՞ւ, որովհետև դու դուրս չես գալիս, ասում ես՝ պարտավորություն ունեմ, բայց ես իմ իմացած ձևի կանեմ, մենք տեսել ենք, թե 20 թվականի պատերազմից առաջ, այնպես, ինչպես որ մենք մեր իմացած ձևով, մեր մեկնաբանությամբ ուզում էինք Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորենք, ինչ տեղի ունեցավ, հետո եղավ հետևյալը, Լաչինի միջանցք առաջ եկավ, Գորիս-Կապան միջանցք առաջ եկավ, հետո էլի մենք շարունակում էինք մեր մեկնաբանությամբ ինչ-որ բաներ ցանկանալ անել: Ցանկալին իրականության տեղ դնել, դա չի աշխատելու:

«Ազատություն». - Օրինակ, որ վարչապետն ասում է՝ այնտեղ գրված չէ, որ Ռուսաստանը պիտի անվտանգություն ապահովի, խոսքն ընդամենը, օրինակ, մոնիտորինգի մասին է, որը կարելի է Մոսկվայից էլ անել:

Մարուքյան. - Վարչապետն է ստորագրել փաստաթուղթը, ինքը գիտի, որ ստորագրել է՝ ինչ են նկատի ունեցել, և իրանք գիտեն, էնտեղ գրված չի անվտանգությունն ապահովում են, գրված է վերահսկողություն են իրականացնում: Հիմա այդ վերահսկողության տակ ինչ կա, տասներեք նիստ է արել հանձնաժողովը, մենք տեսե՞լ ենք էդ արձանագրություններն՝ ինչ են խոսել, ռուսներն ասում են, որ տասներեք նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից բարձրացված բոլոր հարցերը լուծվել են, թող հրապարակեն տեսնենք, ես էլ տեսնում, դուք տեսնեք:

Եթե ռուսների պարտականությունը եղել է մոնիտորինգի գործառույթը, մենք էլ ստանձնել ենք, որ կտանք իրանց էդ մոնիթորինգը, ինչի՞ չի տեղի ունենում էդ բացումը, ուրեմն մի բան կա, չէ՞, որ էնպես չի, ինչպես որ մեզ ներկայացնում են բոլոր կողմերը: Թեման բարձրացնել, շարունակել էս խոսակցությունները, միևնույն ժամանակ ասել՝ այո, մենք պարտավոր ենք, միևնույն ժամանակ չպահանջել մյուս կետերը, միևնույն ժամանակ, ինչ-որ մասնավոր ընկերության.... պարզ է չէ՞, որ մասնավոր ընկերության վերաբերյալ խոսակցությունները, որ հիմա են հրապարակվում, ուրեմն կան անդրկուլիսյան ինչ-որ բանակցությաններ, և դրա մասին Իրանում տեղյակ են, շատ ու շատ ջղային հայտարարություն է գալիս:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

XS
SM
MD
LG