Հայտնվելով առավել մեծ ուժերով գրոհող ու ավելի շատ զենք-զինամթերք ունեցող ռուսական բանակի ճնշման ներքո՝ ուկրաինական ուժերը փորձում են զսպել ռուսական առաջխաղացումը արևելյան Ուկրաինայի սառցապատ դաշտերում և ցեխոտ խրամատներում:
Պոկրովսկ քաղաքը, որը պատերազմից առաջ 60-հազարանոց բնակիչ ուներ, ամենախոշոր ուղղությունն է, որտեղ Ուկրաինայի պաշտպանությունը կարող է վտանգի տակ հայտնվել ռուսական անողոք հարձակումների պատճառով: Բայց ոչ միակը:
Մինչ աճում է միջազգային ճնշումը Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների համար, Կրեմլը և նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ նշան ցույց չեն տալիս, որ հետաքրքրված են հարվածները թուլացնելու կամ Ուկրաինայի և նրա արևմտյան աջակիցների համար ընդունելի պայմաններով հրադադարը քննարկելու հարցում։
«Պատերազմը թեքվել է Ռուսաստանի օգտին, և Ռուսաստանը անխնա ճնշում է գործադրում՝ իր սպառազինության և անձնակազմի քանակական առավելություն շնորհիվ», - անցյալ ամիս հայտարարեց Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանը։
«Այժմ Ռուսաստանի համար բանակցություններ վարելու քիչ պատճառներ կան, քանի որ Պուտինը հավանաբար կարծում է, որ կարող է հաղթել պատերազմում, ինչը, նրա կարծիքով, նշանակում է Ուկրաինայի հնազանդեցում Ռուսաստանի վերահսկողության տակ», - հավելեց նա:
Ստորև ներկայացնում ենք այն իրավիճակը, որ տիրում է մարտի դաշտում Ամանորի սկզբին:
Պոկրովսկ
Ժամանակին, երբ ամեն ինչ խաղաղ էր, Դոնեցկի շրջանի արևմտյան ծայրամասում գտնվող քաղաքը հայտնի էր ածխի իր հանքերով, կոքսի և մետալուրգիական գործարաններով։ Գտնվելով մի քանի հիմնական ճանապարհների խաչմերուկում՝ այն նաև առանցքային երկաթուղային հանգույց էր։ Այն նաև հայտնի էր որպես մի քաղաք, որտեղ ժամանակին ապրում և ստեղծագործում էր Միկոլա Լեոնտովիչը, ով 20-րդ դարի սկզբին գրել է Սուրբ Ծննդյան երգը, որը ուկրաիներենում հայտնի է որպես «Շչեդրիկ», բայց մնացած աշխարհում՝ որպես «Զանգերի երգ»):
Ավելի վաղ՝ անցյալ տարի, դեպի արևելք գտնվող Ավդիիվկա քաղաքը գրավելուց հետո ռուսական ուժերը շարժվեցին դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք՝ փորձելով կտրել ուկրաինական ուժերի մատակարարման գծերը: Ձգվելով դեպի արևմուտք՝ E50 մայրուղին Պոկրովսկը կապում է Ուկրաինայի չորրորդ ամենախոշոր՝ Դնեպր քաղաքի հետ։ Արևելք և հյուսիս-արևելք ձգվող T0504 մայրուղին էլ Պոկրովսկը կապում է Կոստյանտինիվկայի հետ՝ ևս մեկ կարևոր երկաթուղային հանգույց, որը Ռուսաստանը փորձում է գրավել:
«Պոկրովսկը մնում է ամենաինտենսիվ մարտերի ուղղություններից մեկը», - գրել է Frontelligence Insight վերլուծական կազմակերպությունը, որի ղեկավարը ուկրաինացի նախկին պահեստազորի մի սպա է:
«Հակառակորդն այժմ հույս չունի, որ կարող է մարտեր մղել հենց Պոկրովսկի մեջ, ուստի փորձում է շրջանցել քաղաքը և կտրել մատակարարման շղթաները», - հունվարի 2-ին պետական հեռուստատեսությամբ ասել է Ուկրաինայի Խորտիցիա հրամանատարական խմբի խոսնակ Վիկտոր Տրեհուբովը:
Ամերիկյան բանակի հատուկ նշանակության ուժերի պահեստային գնդապետ Լիամ Քոլինզն ասում է, որ ռուսական ուժերը կարող են փորձել շրջանցել Պոկրովսկը՝ շտապելով ավելի շատ տարածքներ գրավել նախքան խաղաղ բանակցությունները։ Պոկրովսկը գտնվում է Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի շրջանների վարչական սահմանից մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա:
Ըստ Քոլինզի՝ ավելի հավանական է, որ ռուսները ցանկանում են խուսափել այնպիսի դաժան քաղաքային մարտերից, որ, օրինակ, ամիսներ շարունակ տեղի էին ունենում Բախմուտ քաղաքը գրավելու ընթացքում։
«Ռուսները, ինչպես ցանկացած բանակ, կգերադասեն շրջանցել քաղաքը, կտրել ներսում գտնվող ուժերին սնուցող մատակարարման ուղիները և սպասել մինչև ներսում մնացածներն ի վերջո ստիպված կլինեն հանձնվել՝ առանց էական դիմադրության», - ասում է Քոլինզը, ով ժամանակին հեղինակել է «Քաղաքային մարտերի ըմբռնում» գիրքը:
Կուրախովե
Պոկրովսկից մոտ 30 կիլոմետր դեպի հարավ ուկրաինական ուժերը փորձել են օգտագործել Կուրախովեի ջրամբարը, որը պատում է Վովչա գետը, ինչպես նաև նրան միացող ջրային ուղիները՝ դանդաղեցնելու ռուսական առաջխաղացումը: Ռուսական ուժերը նոյեմբերի վերջին և դեկտեմբերին առաջ են շարժվել ջրամբարի հյուսիսային կողմով, և ջրամբարի արևմտյան եզրի պատնեշը մասամբ ոչնչացվել է։ Դեռևս պարզ չէ՝ արել է դա Ուկրաինան, թե Ռուսաստանը:
Արևելքից ռուսական ստորաբաժանումների առաջխաղացման հետևանքով ուկրաինական զորքերը կորցրեցին Կուրախովեի՝ Ջրամբարի հարավային ափերին գտնվող հատվածների նկատմամբ վերահսկողությունը ու միայն քաղաքի արևմտյան մասի արդյունաբերական թաղամասերը մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ: Հարավ-արևմուտքից ռուսական ուժերը սպառնում են նաև H15 Դոնեցկ-Զապորոժիե մայրուղուն՝ Կուրախովեից դեպի արևմուտք ձգվող հիմնական մատակարարման ճանապարհին:
Լեհաստանաբնակ ռազմական վերլուծաբան Կոնրադ Մուզիկան, ով կանոնավոր կերպով լինում է Ուկրաինայում, ասում է, որ Ուկրաինայի՝ զորքերի համալրման հետ կապված տևական ժամանակ նկատվող խնդիրները առավել ակնհայտ են դառնում Կուրախովեի պաշտպանության ընթացքում:
«Չնայած այս տարածաշրջանի տեղանքը նպաստում է պաշտպանական գործողություններին ջրային ուղիների առկայության շնորհիվ, ուկրաինական կողմի անձնակազմի պակասի հետ կապված շարունակվող խնդիրները թույլ չեն տալիս լիարժեք օգտագործել այս բնական առանձնահատկությունները՝ ռուսական առաջխաղացումը կասեցնելու համար», - X սոցիալական ցանցում արված գրառման մեջ ասել է նա՝ հավելելով․ - «Անձնակազմի այս պակասը նաև սահմանափակում է հակագրոհներ իրականացնելու նրանց կարողությունը, ինչը հակառակ պարագայում կարող էր խաթարել ռուսական կողմի առաջխաղացման թափը այս տարածքում»։
Կուրախովեի «պաշտպանությունն իրականում դատապարտված է», - ասել է ռազմական վերլուծաբան Միխայլո Ժիրոխովը Կիևից՝ հավելելով․ - «Այժմ նրանք շարունակում են պաշտպանել այդ քաղաքը զուտ քաղաքական նկատառումներով»:
«Քաղաքի անկումը շատ վատ նվեր կլիներ նախագահական գրասենյակի համար, քանի որ այն նվազեցնելու էր իշխանության վարկանիշը», - նշել է նա:
Մալի Մոկրի հովիտ
Կուրախովեից ավելի դեպի արևմուտք ընկած տարածքում Մոկրի Յալի գետը ոլորվում է դեպի հարավ։ Այդ գետը հատում են մի քանի փոքր կամուրջներ, իսկ դրա ափին կան մի շարք գյուղեր, այդ թվում՝ Վելիկա Նովոսիլկան:
2023 թվականի իրենց հայտնի հակահարձակման ժամանակ ուկրաինական զորքերն առաջխաղացում են ունեցել հարավային մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Մոկրի Յալի հովտի երկայնքով։ Մասնավորապես, նրանք կարողացել են առաջ անցնել Վելիկա Նովոսիլկայից դեպի հարավ ընկած տարածքներում՝ գետի արևելյան ափին:
Բայց ինչպես ընդհանուր հակահարձակումը, այնպես էլ այս ուղղությամբ առաջխաղացումն ի վերջո կանգ առավ՝ բախվելով ռուսական կողմի լավ պատրաստված պաշտպանական գծին։
Ռուսական ուժերը դեկտեմբերի սկզբին մտել են գյուղի արևելյան ծայրամասեր։ Գետի այլ հատվածում ուկրաինական զորքերը հակահարձակման անցան և վերագրավեցին Նովի Կոմար գյուղը, որի միջով անցնում է հյուսիսից հարավ ձգվող O0509 կարևոր ճանապարհը, և որի հաջորդ կամուրջը գտնվում է Վելիկա Նովոսիլկայից դեպի հյուսիս ընկած հատվածում:
Սակայն գյուղի համար ծանր մարտերը շարունակվում են՝ ըստ բաց աղբյուրների վրա հիմնված հետախուզության և ուկրաինական և ռուսական կողմերի հաղորդումների։ Հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով ռուսական կողմը O0509 ճանապարհը պահում է կրակի տակ՝ սահմանափակելով Ուկրաինայի՝ մատակարարումներ իրականացնելու կարողությունը։
Կուրսկ
Ուկրաինական հրամանատարությունը նախկինում գովասանքի է արժանացել նորարարական մարտավարության համար: Ներխուժման առաջին օրերին Կիևի պաշտպանության ժամանակ ավելի մեծ ռուսական ուժին հետ մղելը ապշեցրել է շատերին, այդ թվում՝ Կրեմլին:
Ուկրաինական կողմի ստեղծարար մոտեցումը Սև ծովում օգնել է նվազագույնի հասցնել Ռուսաստանի արդյունավետությունն այնտեղ։
Օգոստոսյան ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի շրջան այդ նույն շարքից է։ Բայց այն չկարողացավ իրականացնել մեկ հիմնական նպատակ՝ թուլացնել Ռուսաստանի ճնշումն այլուր՝ իր վրա ռուսական ստորաբաժանումներին քաշելու միջոցով:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը ևս անակնկալ մատուցեց՝ բերելով հազարավոր հյուսիսկորեացի զինվորներին ու նետելով նրանց մարտի դաշտ։ Այդ քայլն ինքնին օգնում է նվազեցնել զորքերի համալրման հետ կապված Ռուսաստանի ներսում եղած ճնշումները: Թեև ամերիկացի պաշտոնյաներն անցյալ ամիս հայտարարեցին հյուսիսկորեացիների շրջանում առնվազն «մի քանի հարյուր զոհերի» մասին, նրանք առանցքային դեր են խաղացել Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի շուրջ կառուցած ուկրաինական պաշտպանությունը հետ՝ դեպի սահման մղելու գործում։
Դա սպառնում է հարավից՝ սահմանի այլ կողմից եկող ուկրաինական մատակարարումներին։
Ըստ որոշ գնահատումների՝ ընդհանուր առմամբ, ուկրաինական ուժերը կորցրել են ամռան ընթացքում գրաված տարածքների կեսից ավելին:
Դա, ի վերջո, կարող է զրոյացնել մեկ այլ ակնհայտ նպատակ, որին ուկրաինացի պաշտոնյաները հույս ունեին հասնել ներխուժման միջոցով՝ օգտագործել օկուպացված ռուսական տարածքները որպես սակարկության առարկա ապագա բանակցություններում: