Մատչելիության հղումներ

Ռուսաստանն օդային հարձակում է իրականացնում Ուկրաինայի վրա. կան զոհեր ու վիրավորներ


Ռուսաստանն օդային հարձակում է իրականացնում Ուկրաինայի վրա. երկրի տարածքում պայթյուններ են հնչել: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ռազմական վարչակազմը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը որսացել է 10 «Շահեդ» անօդաչու թռչող սարք:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը քաղաքացիներին զգուշացրել է չանտեսել օդային հարձակման մասին ահազանգերը՝ պնդելով, որ հայտնաբերել են 11 ռուսական Տու-95ՄՍ ռմբակոծիչներ, որոնք թռիչք են կատարել:

«Մենք ձեզ կզգուշացնենք հրթիռի սպառնալիքի կամ արձակման դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հավելել է, որ ԱԹՍ-երի տեղաշարժեր են հայտնաբերել Չեռնիգովում, Սումիում, Չերկասիում, Միկոլաևում, Խարկովում և Կիևում։

Դնեպրոպետրովսկի մարզում 69-ամյա տղամարդ է մահացել. Մի քանի հրդեհ է տեղի ունեցել, այդ թվում՝ ամառանոցում, ասել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Զապորոժիեի շրջանում ևս մեկ մարդ է զոհվել հարձակման հետևանքով։

Լվովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին ն էլ հայտնել է, որ ռուսական զորքերը հարձակվել են էներգետիկ օբյեկտների վրա։ Այդ պատճառով Լվովում և տարածաշրջանում մասամբ հոսանքազրկումներ են տեղի ունեցել։

Պոլտավայի մարզում վնասվել է արդյունաբերական օբյեկտ, հինգ մարդ վիրավորվել է, գրել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը։

«Ուկրաինական երկաթուղիները» հայտնել է մի քանի օբյեկտների հոսանքազրկման մասին: «Պահուստային դիզելային լոկոմոտիվները դուրս են բերվել, բոլոր միջքաղաքային գնացքները կշարունակեն գործել»,- նշել են ընկերությունից՝ հավելելով, որ այդ պատճառով հետաձգվում են նաև մերձքաղաքային գնացքները։

«Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների և նրանց ենթակառուցվածքների վրա»,- գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Էրմակը։

Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ ռուս զինվորականները հարձակվում են էներգետիկ համակարգի վրա։ «Իրավիճակը բարդ է, հարձակումների հետևանքները պարզվում են, արդեն իսկ աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ»,- նշել է նա։

Լեհաստանում օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռները՝ Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածի կապակցությամբ:

Լեհական բանակի հրամանատարությունն ընդգծել է, որ գործարկվել են Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, իսկ օպերատիվ հրամանատարությունը մշտապես վերահսկում է իրավիճակը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 20 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինն էլ հայտնել է, որ անօդաչու սարքերը թիրախավորել են Սարատով և Էնգելս քաղաքները և վնասել երկու բնակելի շենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG