ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալին հուլիսի 2-ին Ավստրիայի հավաքականի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու համար, հաղորդում է Bild-ը։
Թուրք ֆուտբոլիստը բաց կթողնի շաբաթ օրը Բեռլինում կայանալիք Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպումը։
Երեքշաբթի օրը Թուրքիայի հավաքականը Գերմանիայում անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի 2024-ի առաջնության 1/8 եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց Ավստրիայի հավաքականին, Դեմիրալը դարձավ դուբլի հեղինակ։ Երկրորդ գոլից հետո նա ցուցադրեց թուրք ազգայնականների ժեստը։ ՈւԵՖԱ-ն հետաքննություն սկսեց Դեմիրալի նկատմամբ:
BILD-ի հարցին ի պատասխան՝ պաշտպանը, մասնավորապես, ասել է․ - «Թե ինչպես ես նշեցի այս իրադարձությունը, կապված է իմ թուրքական ինքնության հետ։ Ես տեսա, թե ինչպես են մարզադաշտում մարդիկ ևս ցույց տալիս այս ժեստը»։
Եվրոպայի առաջնության ժամանակ արգելվում են քաղաքական ուղերձները՝ տրիբունաներում ու խաղադաշտում։
Թուրք ֆուտբոլիստի աղմկահարույց այս ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպություններ։ Ֆեյզերը, մասնավորապես, ասել է, որ «Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը լիովին անընդունելի է»։
Ֆեյզերի հայտարարությունից հետո Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանն է կանչվել երկրի արտաքին գերատեսչություն։
Դեմիրալի շուրջ ծագած սկանդալից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է հուլիսի 6-ին մեկնել Բեռլին ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը։
Դեմիրալն առաջին անգամը չէ նմանօրինակ վարքագծով սկանդալի կենտրոնում հայտնվոմ։ 2019-ին ՈւԵՖԱ-ն նրան և ևս 15 թուրք ֆուտբոլիստների խիստ նկատողություն էր արել՝ մրցաշարի ընթացքում ռազմական ոճով ողջույններ հնչեցնելու համար։