ՀՀ քաղաքացիություն ստանալու «որոշումս կայացրել եմ այն պատճառով, որ իմ ծնողները հայ են, ու իմ ողջ ընտանիքը Հայաստանից է», «Ազատությանը» տված հարցազրույցում ասում է այժմ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը։
«Ես միշտ հետևել եմ հայկական ավանդույթներին։ Մթնոլորտն այստեղ հանգիստ է», - հավելում է թենիսիստուհին։
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից, իսկ ամբողջական տարբերակը՝ տեսանյութում.
«Ազատություն» - Էլինա՛, Դուք ներկայանում էիք Ռուսաստանի դրոշի ներքո, բայց վերջերս փոխեցիք Ձեր քաղաքացիությունը և հիմա միջազգային հարթակներում ներկայացնում եք Հայաստանը։ Ինչո՞ւ կայացրիք այս որոշումը։
Էլինա Ավանեսյան - «Կերոն» հիմնադրամն ինձ հնարավորություն տվեց ոգեշնչել երիտասարդ սերնդին` խթանելու սպորտի զարգացումը Հայաստանում և տեսնելու ավելի շատ թենիս խաղացողներ և բարելավելու սպորտը Հայաստանում: Ես շատ հպարտ եմ, որ դրա մի մասն եմ։ Կտեսնենք, կարծում եմ, որ կարող ենք շատ մեծ բաներ անել:
«Ազատություն» - Այո, ես հասկանում եմ դա։ Բայց ինչո՞ւ հիմա։ Մենք տեսել ենք այլ մարզիկների, որոնք ներկայացնում էին Ռուսաստանը, ևս փոխել են սպորտային քաղաքացիությունը՝ պատերազմական իրավիճակից ելնելով։ Ձեր պարագայում ևս դա՞ է պատճառը եղել։
Էլինա Ավանեսյան - Ոչ, իրականում որոշումս կայացրել եմ այն պատճառով, որ իմ ծնողները հայ են, ու իմ ողջ ընտանիքը Հայաստանից է: Ու ես միշտ հետևել եմ հայկական ավանդույթներին։ Մթնոլորտն այստեղ հանգիստ է: Այսպիսով, դա իմ որոշումն էր: Ես դրա համար եմ որոշումս կայացրել։
«Ազատություն» - Ի՞նչ եք զգում արդեն Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով։
Էլինա Ավանեսյան - Ես իսկապես հուզված էի իմ առաջին հանդիպումն անցկացնելիս, բայց ես իրոք երջանիկ եմ: Սա նոր փորձի լավ սկիզբ է: Ու ես իսկապես վայելեցի այն։
«Ազատություն» - Դուք պատմական նվաճում ունեցաք՝ կանանց դասակարգման աղյուսակում ընդգրկվելով թոփ 50-ում՝ հասնելով Ձեր կարիերայի լավագույն վարկանիշին։ Կարո՞ղ եք պատմել Ձեր զգացողությունների մասին։
Էլինա Ավանեսյան - Օ, Աստված իմ, դա անհավատալի էր: Ես երբեք չէի մտածի, որ դա տեղի կունենա, բայց վստահ եմ...Ես կփորձեմ անել հնարավորը, որպեսզի էլ ավելի լավացնեմ արդյունքս: Ինչպես ասացի, հուսով եմ, որ կկարողանամ ինչ-որ կերպ ոգեշնչել երիտասարդներին և ցույց տալ նրանց, որ ամեն ինչ հնարավոր է, որ նրանք կարող են հասնել այն ամենին, ինչ ուզում են:
«Ազատություն» - Թենիսում ո՞վ է եղել Ձեր կուռքը։
Էլինա Ավանեսյան - Ես կասեի՝ Սերենա Ուիլյամսը։ Նա անհավանական է։
«Ազատություն» - Ի՞նչ եք ասում ինքներդ Ձեզ խաղը սկսելուց անմիջապես առաջ։
Էլինա Ավանեսյան - Ես միշտ փորձում եմ պայքարել յուրաքանչյուր միավորի համար, փորձում եմ հանգիստ լինել և ուղղակի կենտրոնանալ իմ անելիքների, մարտավարության վրա և պարզապես պայքարել մինչև վերջ։
«Ազատություն» - Էլինա՛, ուկրաինացի թենիսիստուհին վերջին խաղի ավարտից հետո հրաժարվեց Ձեր ձեռքը սեղմել։ Ի՞նչ զգացողություն դա առաջացրեց։
Էլինա Ավանեսյան - Ես հարգում եմ բոլորին։ Ես հարգում եմ նրա որոշումը։ Ես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է իմ կողմից, և դա այն ամենն է, ինչի վրա կարող եմ կենտրոնանալ:
«Ազատություն» - Բայց նա գիտե՞ր, որ Դուք Հայաստանն եք ներկայացնում։
Էլինա Ավանեսյան - Կարծում եմ՝ գիտի։ Վստահ եմ, որ նա ստուգել է այդ տեղեկությունը մրցաշարից առաջ, բայց դա իր որոշումն է, ու ես հարգում եմ այն:
«Ազատություն» - Ի՞նչ երազանքներ ունեք այս սպորտաձևում։
Էլինա Ավանեսյան - Ես միշտ երազել եմ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարում, հուսով եմ՝ մի օր դա ինձ կհաջողվի: Ու, իհարկե, բոլորն են ցանկանում լինել թիվ մեկն աշխարհում: Եվ դա ինձ համար մեծ նպատակ է, ու ես կփորձեմ ամեն ինչ անել դրան հասնելու համար: