Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, մեկ տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Բացի այդ, հաղորդվում է նաև փլուզումների մասին։
Ըստ հաղորդագրության՝ Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել է։ Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար՝ խցիկի վրա 2 քաղաքացի, Ալավերդիում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Ախթալայի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։
Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով՝ Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։
Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել է անվտանգ տարածք։
Աշխատանքներին ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։