Մատչելիության հղումներ

Նպաստառու ընտանիքների «առողջ, չափահաս ու գործազուրկ անդամները» կարող են զրկվել նպաստից


Գյումրիում բնակվող 70-ամյա Թամարա Եղոյանն ապրում է առողջական խնդիրներ ունեցող ամուսնու ու որդու 4 հոգանոց ընտանիքի հետ։ Ինքն ու ամուսինը թոշակառու են, 2 թոռնիկներն՝ անչափահաս, նրանց մայրը զբաղվում է երեխաներով ու տան գործերով, որդին օրավարձով է աշխատում, ամսական վաստակում մոտ 60 հազար դրամ։

Ընտանիքի եկամուտը տարեցների թոշակից ու որդու ոչ մեծ աշխատավարձից բացի նաև մոտ 33 հազար դրամ ընտանեկան նպաստն է։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է սոցիալական աջակցության ու հարակից օրենքներում փոփոխությունների մեծ փաթեթ, հաջորդ ամիս վերջնական ընդունումից հետո՝ նորություններ են սպասվում նպաստ ստացող մարդկանց ընտանիքներում։

Անի Չիլինգարյան
Անի Չիլինգարյան

Նպաստների փոփոխված համակարգի գլխավոր նորություններից մեկն է այն, որ մոտ 58 հազար նպաստառու ընտանիքների առողջ, չափահաս ու գործազուրկ քաղաքացիները կարող են դուրս մնալ համակարգից, նրանք աջակցություն ստանալուց առաջ նախ պետք է գրանցվեն աշխատանք փնտրողների համակարգում, ստանան աշխատանքի կամ նոր հմտություններ ձեռք բերելու առաջարկ, ինչպես հայտնեց նախարարության Միասնական սոցծառայության պետի տեղակալ Անի Չիլինգարյանը:

«Բնականաբար, ցանկացած քաղաքացու հետ աշխատանք տարվելու է: Այսինքն՝ երբ որ ես ասում եմ՝ աշխատանք փնտրող հաշվառվելու համար դիմում են ինքնաշխատ ներկայացվելու, դա իրենից ենթադրում է, որ քաղաքացու հետ աշխատանք տարվելու է, գոնե ինչ-որ մի առաջարկ իրեն արվելու է նվազագույնը», - ներկայացրեց Չիլինգարյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից պատգամավոր Թադևոս Ավետիսյանն առաջին ընթերցման ժամանակ դեմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին։

«Նախ, սոցիալական խնդիրը հակասոցիալական որևէ մեթոդով հնարավոր չէ լուծել», - ընդգծեց նա:

Թադևոս Ավետիսյան
Թադևոս Ավետիսյան

Պատգամավորի կարծիքով՝ համակարգն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու քան լուծելու, այդ թվում, ըստ նրա, խնդրահարույց է քաղաքացուն աշխատավարձ վերագրելու մոտեցումը. ըստ նոր համակարգի՝ չափահաս ու առողջ քաղաքացին, որ գործազուրկ է, ենթադրաբար իրականում ունի եկամտի աղբյուր։

«Ենթադրում ենք այն կանխավարկածով, որ դու ստվերային աշխատող ես, եթե գրանցված աշխատող չես և աշխատունակ ես: Սա արդար մոտեցում չի, և, այո, հակասում է այսօրվա կառավարության այն սկզբունքին, որ մարդն, օրինակ, տուգանքի մատերիալ չի և պիտի գանք այն կանխավարկածին, որ մարդը, քաղաքացին ոչ թե խաբում է պետությանը, այլ հակառակը: Այն կանխավարկածը, որ բոլորը խաբում են պետությանը, սա հակասոցիալական մոտեցում է: Այսպիսի պարագայում բազմաթիվ ընտանիքներ, որոնք օբյեկտիվորեն աղքատ են, կհայտնվեն էլ ավելի վատ վիճակում», - ընդգծեց Ավետիսյանը:

Նախարարությունից հակադարձում են՝ ցանկանում են ունենալ այնպիսի համակարգ, որը խրախուսում է աշխատելը, ոչ թե չաշխատելն ու այդ հիմքով նպաստ ստանալը։

Գյումրեցի Թամարա Եղոյանի ընտանիքը կզրկվի՞ նպաստից նոր համակարգի ներդրումից հետո, թե՝ ոչ։ Հավանաբար կզրկվի, ընտանիքի միակ աշխատողը գրանցված աշխատող չէ, համակարգը նրան եկամուտ կվերագրի։ Թոշակառու կնոջ կարծիքով՝ նպաստների գործող համակարգն իրոք խնդիրներ ունի, բայց կոնկրետ իրենց ընտանիքի համար թեկուզ ոչ մեծ այդ 33 հազար դրամը սոցիալական խնդիրներ լուծում է։

Թամարա Եղոյան
Թամարա Եղոյան

Ներդրվող նոր համակարգում գրեթե ամեն ինչ թվայնացված է լինելու, սոցիալական աշխատողները հասանելիություն են ունենալու քաղաքացու մասին գրեթե բոլոր տվյալներին՝ նա ունի՞ շարժական ու անշարժ գույք, վճարու՞մ է գույքահարկ, ունի՞ վարկեր, թե՝ ոչ, և այլն, արդյունքում որոշվելու է քաղաքացին ունի՞ պետության աջակցության կարիքը, թե՝ ոչ։

Պատասխանատուներն ասում են՝ տարբեր հաշվարկներով Հայաստանում այժմ գործող նպաստների ծրագրի հասցեականությունն ընդամենը 65 տոկոս է, հույս ունեն համակարգից դուրս թողնել ապահովված ընտանիքներին ու կենտրոնանալ ամենաաղքատ այն մարդկանց վրա, որոնք հնարավորություն չունեն անգամ վճարել պարենային նվազագույն զամբյուղի համար, որը մոտ 36 հազար դրամ է։

«Հնարավորինս այս սխալների, այս ներառման ու բացառման բացը ծածկելու առաջնահերթությունն է դրված», - ասաց Չիլինգարյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ գործազրկության բարձր մակարդակ ու աղքատության 23,7 տոկոս ունեցող երկրում՝ ինչպե՞ս են կարողանալու եղած համակարգն այնպես փոխել, որ կարողանան օգնել հազարավոր մարդկանց գտնել աշխատանք կամ դառնալ ինքնազբաղված, այն պայմաններում, երբ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ գործազուրկների թիվը 10 անգամ կարող է գերազանցել թափուր աշխատատեղերի թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG