Նորվեգիան 2027 թվականին 85 միլիարդ կրոն՝ շուրջ 9.2 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային: Այդ մասին այսօր հայտարարել է նորվեգական կառավարությունը:
Նույնչափ գումար Նորվեգիան Ուկրաինային է տրամադրել այս տարի:
Ակնկալվում է, որ 70 մլրդ կրոն կուղղվի ռազմական ծախսերին, 15 մլրդ կրոն՝ հումանիտար նպատակներին:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ղեկավարների հետ ժամանել է Կիև, որտեղ նրանք այսօր մասնակցում են Ուկրաինայի Պետական դրոշի տոնին, վաղը՝ Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված հանդիսություններին, ինչպես նաև բանակցություններ են անցկացնում Ուկրաինայի նախագահի հետ:
«Ուկրաինային օգնությունը պաշտպանությունում և վերականգնման գործում ոչ միայն աջակցություն է, այլև ներդրում Եվրոպայի անվտանգությունում», - հայտարարել է Նորվեգիայի վարչապետը:
Եվրոպական պետությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո Զելենսկին իր տելեգրամյան ալիքում գրել է, որ շարունակվող պատերազմում երկու գլխավոր խնդիրներն է համարում Ռուսաստանի բալիստիկ հրթիռները և պաշտպանության ապահովման ֆինանսավորումը: Նա հայտարարել է, որ Եվրամիության երկրներից 30 միլիարդ եվրոյի աջակցություն է ակնկալում: Պաշտպանության նախարարության բյուջեի դեֆիցիտը Ուկրաինայի նախագահը գնահատել է 27 միլիարդ դոլար: