Մատչելիության հղումներ

Կաթոլիկ սրբի արձան՝ Եղվարդի մոտ. ինչու և ինչպես է Սուրբ Շարբելը Լիբանանից հասել Հայաստան


Եղվարդ տանող ճանապարհից մասամբ երևում է Սուրբ Շարբելի 10 մետրանոց արձանը։ Մինչ Հայաստանում քննարկում էին Հիսուսի 77 մետրանոց համալիրի նպատակահարմարությունը Հատիսի գլխին, կաթոլիկ եկեղեցու սուրբը Լիբանանից ճամփա ընկավ ու հասավ Եղվարդ։

Նաիրիի համայնքապետարանում սրբի անունը չէին լսել, արձանի տեղափոխման մասին տեղյակ չէին։ Տարածքը, որտեղ առայժմ հորիզոնական դիրքով ու փակ գլխամասով պառկած է արձանը, համայնքապետի տեղակալ Կարեն Հարությունյանի խոսքով, պատկանում է «Գարդենիա լեբնիզ ֆարմ» ընկերությանը։ Շուրջ քսան հեկտար այգիներ են։ Պատկանում են ազգությամբ հույն լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆայսալին։

Լիբանացի գործարարի լիբանահայ օգնականը ներկայանալ չցանկացավ, քանի որ, ասաց, կարևոր է, որ նախագծի հեղինակն ինքը խոսի ծրագրերի մասին։ Սեպտեմբերի 22-ին Սուրբ Շարբելի արձանի բացումն ու օծումն է։

Կաթոլիկ եկեղեցու մարոնիական համայնքի սուրբը պաշտելի է շատերի համար։ Լիբանանի Աննայա վանքը, որտեղ ապրել է Սուրբ Շարբելը, հայտնի ուխտատեղի է, և ընդհանրապես կաթոլիկների համար սրբավայրեր են դառնում բոլոր այն բարձունքները, որոնց վրա կանգնեցվել է այս սրբի արձանը։

Սուրբը ճանաչելի կդառնա Հայաստանում, իսկ Հայաստանը ճանաչելի կդառնա սրբի դուռը եկած օտարերկրացիների համար, լիբանանցի գործարարի ներկայացուցչի հիմնավորումն է։ Սուրբ Շարբելի հայաստանյան արձանն արդեն ֆեյսբուքյան էջ ունի և անհամբեր հետևորդներ, որ սպասում են սրբավայրի բացմանը։ Բայց կա խնդիր։

«Ապօրինի գործունեություն կլինի, եթե տեղադրեն», - ասում է Նաիրիի համայնքապետի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը։

Համայնքապետի տեղակալը շեշտում է՝ «Գարդենիա լեբնիզ ֆարմ» ընկերության հողատարածքը գյուղատնտեսական նշանակության է, այնտեղ սրբատեղի կառուցելու համար թույլտվություններ են պետք։

Ամիսներ առաջ ընկերությունը համայնքապետարան է դիմել՝ մեկուկես հեկտարի նշանակությունը փոխելու՝ հասարակական կառուցապատման հող դարձնելու համար։ Քաղաքաշինության կոմիտեն, սակայն, մերժել է այդ դիմումը, հիմնավորել՝ Կոտայքի մարզի հատակագիծը հաստատման փուլում է, նախ այս գործը կավարտեն ու կքննարկեն լիբանանյան ընկերության դիմումը։

Համայնքապետարան ներկայացրած բիզնես պլանը կոչվում է «Նոյան տապան» զբոսաշրջային, ժամանցային ու առևտրային համալիր։ Պլանում ոչինչ գրված չէ սրբի մասին, բայց կից լուսանկարում Սուրբ Շարբելի արձանն է վեր խոյանում՝ թիկունքին տապանն ու Արարատը։ Ընկերության ներկայացուցիչն ասաց՝ «Նոյան տապան»-ի նախագիծը մի քիչ կուշանա, սրբի արձանը՝ ոչ, ժամանակավոր կտեղադրեն, մինչև լուծվեն իրավական հարցերը։

Ի՞նչ տեսակետ ունի Էջմիածինը. հայտնի է, որ եկեղեցին Հիսուսի արձանի տեղադրմանը դեմ էր արտահայտվել՝ շեշտելով Հայ Առաքելական եկեղեցին արձանների ավանդույթ չունի։

«Եկեղեցին ընդհանրապես ընդունելի չի համարում տերունի և սրբերի արձանների կիրառությունը, որովհետև այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Ինչ վերաբերում է տված հարցադրմանը, ապա որևէ կրոնական համայնք պաշտամունքային կոթող կարող է կանգնեցնել իր պաշտամունքային վայրում, այլապես մշակութային կոթողների վերաբերյալ հայ եկեղեցին որպես կանոն վերապահություն չունի», - ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն՝ ընդգծելով՝ Սուրբ Շարբելը ընդգրկված չէ Հայ եկեղեցու սրբոց դասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG