Ոստիկանությունն իրականացնում է «օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջանակներում», խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ-ի հարակից տարածքում իրավիճակի մասին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, իր հերթին, ասաց, որ ոստիկանությունն «արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ»։ Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն «ուղղորդել է մարդկանց գրոհել ոստիկաններին»։
Ավելի վաղ խորհրդարանի ներսում ևս իրավիճակը լարվել էր, և նիստն ընդմիջվել էր։
Նիստն այս պահին շարունակվում է։
Իսկ դրսում բողոքի ակցիան շարունակվում է։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, կան տուժածներ։
Վարչապետն ասաց, որ տուժածների մասին պատմող բոլոր լուսանկարները կհետազոտվեն, կքննվեն, և եթե պարզվի՝ հակաօրինական գործողություն է եղել, դրան պետական ինստիտուտները կտան համապատասխան արձագանք։