Մատչելիության հղումներ

Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը. Փաշինյան


Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձում:

«Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում: Սա չափազանց հավակնոտ և պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատևությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձևեր չեն ձևավորվում:

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն», - նշել է Փաշինյանը՝ հավելելով՝ «այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը»

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:

Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը», - նշված է ուղերձում:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ իրական Հայաստանի ռազմավարությունը նաև նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն:

«Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում և ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների և հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը», -ընդգծել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG