ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միակ թեկնածուն Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն է։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը այսօր հանեց իր թեկնածությունը, և այդ մասին տեղյակ է պահվել դաշնակիցներին։ Բուխարեստը նաև հայտարարեց, որ պաշտպանում է Ռյուտեի թեկնածությունը։
Ռումինիան դաշինքի վերջին անդամն էր, որ մինչև հիմա չէր պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը։ ՆԱՏՕ-ի նոր քարտուղար ընտրելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների աջակցությունն առաջադրված թեկնածուին։
ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման երկարաձգված ժամկետը ավարտվում է գալիք աշնանը։ Նա այդ պաշտոնին էր 2014 թվականից։
Մարկ Ռյուտեն հիմա ժամանակավորապես կատարում է Նիդեռլանդների վարչապետի պարտականությունը և առաջիկա շաբաթներին հեռանալու է պաշտոնից։