ՆԱՏՕ-ին այս պահին այլընտրանք չկա, սակայն Եվրոպական միությունը պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը։ Նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնից հեռացող Ժոզեպ Բորելը:
«Եվրոպայի տարածքային պաշտպանությունն ապահովելու խնդրում ՆԱՏՕ-ն այլընտրանք չունի», - գրել է նա X սոցիալական ցանցում և միևնույն ժամանակ մատնանշել, որ առկա է եվրոպական հանրության ռազմական ներուժի հզորացման անհրաժեշտությունը։
Բարձր ներկայացուցչի խոսքով՝ դա թույլ կտա «լուծել սեփական խնդիրները» և «նպաստել ընդհանուր պաշտպանությանը»։
«Եթե ԵՄ-ն ավելի ուժեղանա, ՆԱՏՕ-ն նույնպես ավելի ուժեղ կլինի», - հավելել է Ժոզեպ Բորելը:
Նա ավելի վաղ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է անվտանգության հարցերում ապագայում լինի ավելի ինքնաբավ, բայց բաց է թողել հարցը, թե արդյոք այդ ինքնաբավությունը կներառի նաև միջուկային գործոնը: