Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր ստանձնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
Դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին ելույթում Ռյուտեն անվերապահ աջակցություն է հայտնել Կիևին։
«Ուկրաինային աջակցելը ճիշտ է և դա նաև ներդրում է մեր իսկ անվտանգությանը, քանի որ անկախ և ժողովրդավարական Ուկրաինան կենսական նշանակություն ունի Եվրոպայի խաղաղության և կայունության համար։ Ուկրաինային աջակցելու գինը շատ ավելի ցածր է, քան մենք կբախվենք, եթե թույլ տանք Պուտինին գնալ իր ճանապարհով», - ասել է նա՝ հայտնելով, որ վերջին գնահատականների համաձայն ռուսական ուժերն օրական հազար մարդ են կորցնում՝ սպանված ու վիրավոր, իսկ նրանց ընդհանուր կորուստները՝ զոհվածների ու վիրավորների թիվը 500 հազար է գնահատվում։
Ռյուտեի խոսքով՝ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, և ըստ միջազգային օրենքի այդ իրավունքը սահմանի վրա չի վերջանում։
«Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելը նշանակում է, որ նրանք կարող են նաև հարվածել ագրեսորի տարածքում գտնվող օրինական թիրախներին», - հայտարարել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, նշելով, որ դա իրենից չի կախված՝ վերջին հաշվով դաշնակիցներից յուրաքանչյուրն է որոշում Ուկրաինային իր աջակցության մակարդակը։