ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտության շուրջ։ Այս մասին բրիտանական The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։
«Ես չեմ մանրամասնի, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է աշխատանքային վիճակի բերվի, և ինչպես դրանք պետք է պահվեն, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի շուրջ: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք»,- ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով, հարցի թափանցիկությունը հստակ ուղերձ է առ այն, որ ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք է:
«ՆԱՏՕ-ի նպատակն է աշխարհը տեսնել առանց միջուկային զենքի, բայց քանի դեռ այն կա, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան կունենան միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն չի ունենա, վտանգավոր աշխարհ կլինի», - ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, իրեն առավելապես անհանգստացնում է Չինաստանը, որը գումարներ է տրամադրում արդիական սպառազեն ստեղծելու համար և մտադիր է մինչև 2030 թվականը միջուկային մարտագլխիկների թիվը հասցնել հազարի։
«Սա նշանակում է, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել նախկինում աննախադեպ իրավիճակի՝ երկու պոտենցիալ միջուկային հակառակորդների՝ ի դեմս Չինաստանի և Ռուսաստանի, դա հետևանքներ կունենա»,- ասել է Ստոլտենբերգը: