Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը Երևանում հանդիպումներ է ունեցել ԶՈՒ ԳՇ պետի, վարչության պետի հետ


ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակն աշխատանքային այցով Հայաստանում է։

Նա նախօրեին հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հնարավորությունները։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Երևանն այս տարվա հուլիսին Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Մոսկվան իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, թե ափսոսանք է հայտնում այդ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար։

Հայաստանը հայտարարել է, որ Երևանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG