Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարում է պատգամավորական լիազորությությունները դադարեցնելու մասին:
«Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը», - Ֆեյսբուքում գրել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը՝ ներկայացնելով իր աշխատանքը այս տարիների ընթացքում:
Դեռ երկու օր առաջ մամուլը գրել էր ինչպես Կառավարությունում սպասվող պաշտոնանկությունների, այնպես էլ իշխող կուսակցությունից պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի՝ առաջիկայում մանդատները վայր դնելու մասին:
Քննչական կոմիտեի այժմ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը վերջերս Ազգային ժողովում վեճի էր բռնվել Աղազարյանի հետ։ Ըստ մամուլի՝ վիճաբանությունն առնչվում էր նաև Նարեկ Զեյնալյանի հետ։ Այդ վեճի առիթով կարգապահական վարույթներ են հարուցվել։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Հովիկ Աղազարյանը մանր եղջերավորների գործով որպես վկա նախօրեին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: