Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունը այս հարցում հաջողության հույս ունի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Ադրբեջանցի ընկերների և մեր միջև այդ զրույցն այժմ ընթանում է և հուսով ենք, որ այն նույնպես հաջողությամբ կպսակվի», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը չի հստակեցրել՝ որտեղ է Մոսկվան ցանկանում հյուպատոսություններ բացել։ Անցած օրերին ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը։ Ընդ որում՝ ռուսաստանցի պաշտոնյան իր խոսքում օգտագործել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։
Պաշտոնական Բաքուն հրապարակավ չի արձագանքել այս հայտարարությանը։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխանությունների քարոզչական խոսափողը համարվող Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Մոսկվան այդ քայլով ցանկանում է վերականգնել ներկայությունը Ղարաբաղում։