Մատչելիության հղումներ

Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների հարցում Թեհրանի քաղաքականությանը․ Շոյգու


Սերգեյ Շոյգու, Ալի-Աքբար Ահմադիան
Սերգեյ Շոյգու, Ալի-Աքբար Ահմադիան

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սարգեյ Շոյգուն երեքշաբթի այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ Շոյգուն Թեհրան է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցելու նպատակով։

Շոյգուն վերահաստատել է Մոսկվայի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է նաև Իրանի նախագահի հետ։ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները՝ շեշտելով՝ իր վարչակազմը լրջորեն հետամուտ է լինելու Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը։

Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը կնվազեցնեն երկու երկրների դեմ պատժամիջոցների ազդեցությունը, ասել է Իրանի նախագահը՝ հավելելով՝ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական, շարունակական և տևական ճանապարհով։

Շոյգուն Թեհրանում փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ Վլադիմիր Պուտինն անհամբեր սպասում է իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը՝ Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իրանի նախագահն էլ հույս է հայտնել, որ երկու երկրները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։

Շոյգուն նաև օգոստոսի 5-ին էր Թեհրանում, նա Թեհրանից մեկնեց Բաքու։ Մեկ ամիս անց էլ Ահմադիանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ նա Ռուսաստանում կքննարկի նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Թեհրանից վերջին շրջանում պարբերաբար հայտարարում են, թե Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ՝ աջակցելով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Իրանն իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «Ազատության»-ը տված հարցազրույցում շեշտել էր՝ Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջափակմանը՝ ներկայացնելով այս հարցում Թեհրանի կարմիր գծերը։

«Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի, այսինքն, այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ, սա է մեր կարմիր գիծը, մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգել Հայաստանի օրենքները», - նշել էր Սոբհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG