Մատչելիության հղումներ

Միշուստինը վաղը կայցելի Հայաստան


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում, հայտնում է Ռուսաստանի վարչապետի գրասենյակը։

Ըստ հաղորդման՝ Միշուստինը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստերին։

Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի իր գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները»։

Ուշադրության կենտրոնում, մասնավորապես, կլինեն ներքին շուկայի գործունեության, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերը։

ՏԱՍՍ-ը նշում է, որ միջկառավարական խորհրդի նիստին կլինեն նաև ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրեր։

Ակնկալվում է նաև, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային հանդիպումներն ավանդաբար անցկացվում են Հայաստանում, և Միշուստինը դրանց մասնակցում է 2020 թվականից վարչապետ նշանակվելուց ի վեր։ Խորհրդի վերջին նիստն անցկացվել է Բելառուսում՝ հունիսին։

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Այս տարվա հունվարի 1-ին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից անցավ Հայաստանին։ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին Հայաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Ընդգծելով, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը՝ Երևանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ։

Հայաստան այցից առաջ Միշուստինն այսօր կմեկնի Թեհրան՝ հանդիպելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG