Հայաստանի արտաքին գործերի նախարարն այսօր Թեհրանում իր պաշտոնակցին է ներկայացրել Իրանի սահմանով անցնող հայ - ամերիկյան TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները, հաղորդում է պաշտոնական Երևանը: Աբբաս Արաղչին, ողջունելով տարածաշրջանում կապերի ամրապնդումը, միաժամանակ կրկնել է Թեհրանի վերապահումը՝ Հարավային Կովկասում երրորդ երկրների ներկայության մասին:
«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչի մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին [խմբ. - սա Հայաստանի կառավարության մշակած տարածաշրջանային ապաշրջափակման ծրագիրն է]», - նշված է Երևանի հաղորդագրությունում:
Միրզոյանի պաշտոնական այցը հարևան երկրիր տեղի է ունենում հայ պաշտոնյաների այն հայտարարությունների ֆոնին, թե արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը:
Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ TRIPP նախագիծը շահավետ է նաև տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Բայց ԱՄՆ-ի հետ պատերազմող Իրանը մի շարք վերապահումներ ունի Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրի առնչությամբ: Օրերս Երևանում Իրանի դեսպանը, մասնավորապես, ասել էր, թե Թեհրանը դեմ չի լինի հայ - ամերիկյան նախագծին, եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին նորից հիշեցրել է Թեհրանի զգուշացումը՝ «Հարավային Կովկասում երրորդ կողմի ներկայության հետևանքների մասին»։
«Տարածաշրջանում կայուն խաղաղությունը կախված է նրանից, որ տարածաշրջանի երկրներն իրենք լուծեն իրենց խնդիրները և կանխեն տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությունը», - ասել է Արաղչին։
Նա նշել է, որ Իրանը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական և կայուն զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով, որ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև փոխգործակցության և կապերի ամրապնդումը կնպաստի տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության և խաղաղության երաշխավորմանը՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճն ու բարգավաճումը նրանց ժողովուրդների համար։
Իրանի արտգործնախարարը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները: Արաղչին ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակներում:
ԱՄՆ-Իրան կոնֆլիկտի մասին
Արաղչին իր հայ գործընկերոջը ներկայացնելով Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը՝ ընդգծել է, որ Իրանը «երբեք չի հրաժարվել դիվանագիտական միջոցների կիրառությունից»՝ լարվածության սրումը կանխելու նպատակով։
Պաշտոնական Երևանը հաղորդագրությունում ԱՄՆ-Իրան կոնֆլիկտին անդրադարձի մասին ուղիղ չի խոսում, տեքստում միայն նշված է. - «Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը»:
Հայաստան-Իրան հարաբերություններ
Միրզոյանը և Արաղչին քննարկել են նաև երկկողմ համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձել են նաև Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:
«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրում», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը:
ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտնել էր, թե Հայաստանի արտգործնախարարի այցը Թեհրան իրականացվում է Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ ընթացող խորհրդակցությունների շրջանակում։