Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լամմին քննարկել են տարածաշրջանային հարցեր


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր։

Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լամմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքներին, Արարատ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։

«Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար», - ասված է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Բաքուն արդեն 6-րդ օրն է՝ հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար։ Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հրադադարի խախտման փաստեր ներկայացնի, Երևանը պատրաստ է դրանք ուսումնասիրել, քննարկել։ Հայաստանի ռազմական գրատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ փաստել է՝ մինչ օրս նման փաստեր Բաքվից չեն ստացել։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG