«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևմտյան ափ, դրանից հետո քամու ուժգնությունը որոշ չափով թուլացել է, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը՝ նշելով, որ այժմ փոթորիկի արագությունը կազմում է 165 կիլոմետր ժամ:
«Միլթոն»-ը շարունակում է մահացու վտանգ ներկայացնել, ըստ կենտրոնի կանխատեսումների, այն այդպիսին էլ կմնա մինչև Ատլանտյան օվկիանոս դուրս գալը։
Փոթորիկը տոռնադոներ է առաջացրել Ֆլորիդայի ծոցի ափի մեծ մասում, ներառյալ խիտ բնակեցված տարածքներում, ինչպիսիք են Տամպան, Սարասոտան և Ֆորտ Մայերսը: Ըստ կոմունալ հաշվառման համակարգի տվյալների՝ ավելի քան 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Հաղորդվել է առնվազն երկու մահվան մասին:
Փոթորիկն այժմ Ֆլորիդայի արևմուտքից դեպի արևելք կես ճանապարհին է։ Նախատեսվում է, որ այն կանցնի Լեյքլենդ, Կիսսիմի, Օռլանդո քաղաքներով և Կանավերալ հրվանդանով: ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելը ֆլորիդացիներին հորդորել է չլքել ապաստարանները՝ ընդգծելով, որ «Միլթոն»-ը դեռ մահացու վտանգավոր է։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսն էլ հայտարարել է, որ «Միլթոն»-ն առաջացրել է առնվազն 19 տորնադո, որոնք վնաս են հասցրել բազմաթիվ շրջանների՝ ավերելով մոտ 125 տուն: «Այս պահին տարհանումը չափազանց վտանգավոր է»,- ասել է նահանգապետը:
Աղետի գոտուց մոտ երկու միլիոն մարդ է տարհանվել։ Տարհանումն ամենամեծն էր նահանգի պատմության մեջ։
Նախորդ գիշեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆլորիդայի մի շարք պաշտոնյաների հետ և խնդրել նրանց անմիջապես զանգահարել իրեն, եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ աջակցություն փոթորկի հետևանքների դեմ պայքարում: Բայդենը նաև հորդորել է ֆլորիդացիներին հետևել անվտանգության ուղեցույցներին:
«Սա բառացիորեն կյանքի և մահվան հարց է», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նախօրեին Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով Բայդենը հետաձգել էր այցը Գերմանիա, որտեղ պետք է մասնակցեր Ուկրաինային զենք տրամադրող երկրների ներկայացուցիչների «Ռամշտայն»-ի հանդիպմանը։
«Միլթոն»-ն այս տարի արդեն երրորդ փոթորիկն է Ֆլորիդայում։ Նման դեպք, երբ մեկ սոզոնի ընթացքում մի քանի անգամ են հզոր փոթորիկներ լինում վերջին անգամ գրանցվել է 2005 թվականին՝ մեկ սեզոնի ընթացքում հինգ փոթորիկ։
Իսկ մեկ շաբաթ առաջ Ֆլորիդայում «Հելեն» փոթորկի հարվածից առնվազն 230 մարդ է զոհվել։