«Իրականացնել իմ վաղեմի երազանքը՝ հրուշակեղենի արտադրամաս բացեմ». - Արցախից տեղահանված Մարիամ Դավթյանը դեռ երկու ամիս առաջ երազում էր սեփական բիզնեսի մասին։ Ընտանիքի հոգսը թեթևացնելու նպատակով երիտասարդ կինը չորս երեխաների խնամքին զուգահեռ տանը սկսել էր փախլավա ու գաթա թխել, վաճառել։
«Ազատության» ռեպորտաժից հետո մի անակնկալ զանգ ստացավ։
«Ձեր տեսանյութից հետո մի քանի օր անց զանգահարում է «Միասին» հիմնադրամի տնօրենը՝ Սաթենիկը, և առաջարկում է հանդիպել։ Հանդիպում ենք, իրենց օգնությունն են առաջարկում, այսինքն՝ տարածքը ամբողջովին անվճար, էստեղ ամեն գույքից օգտվելը անվճար, և սկզբնական շրջանում, ճիշտն ասած, դեռ պայմանավորվել էինք մեկ ամիս՝ ամբողջ այդ սննդամթերքը իրենց կողմից է: Այսինքն՝ ես մենակ պատրաստում եմ, վաճառում, իսկ էդ հավաքված գումարը սկզբից ինձ կօգնի, որ հետագայում կարողանամ ինքս իմ ուժերով ձեռք բերել սննդամթերք և անհրաժեշտ իրեր իմ գործունեությունը շարունակելու համար», - «Ազատությանը» պատմեց Մարիամը:
«Միասին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանն ասում է՝ արցախցի տեղահանված ընտանիքներին սկզբում հագուստով ու անկողնային պարագաներով էին օգնում, հետո որոշել են այնպիսի ծրագրեր անել, որ Գյումրիում հաստատված ընտանիքները եկամտի աղբյուր ունենան։
«Ռեպորտաժի շնորհիվ, որը տեսել էինք համացանցում, մենք կարողացանք Գյումրու միասնական սոցիալական ծառայության միջոցով գտնել Մարիամին, կապ հաստատեցինք իր հետ ու առաջարկեցինք, որ մենք կարող ենք իրեն աջակցել՝ հիմնել իր բիզնեսը: Քանի որ շատ մոտ էր մեր հրուշակեղենի ծրագրին՝ թխում էինք հրուշակեղեն, հենց էդ պահին թխում էինք, ու կարող էինք համատեղ համագործակցել», - ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:
Մարիամը նման արձագանք չէր սպասում: Նրան օգնության ձեռք են մեկնել նաև օվկիանոսի այն կողմից՝ ամերիկահայ մի կին որոշակի գումար է ուղարկել սկզբնական շրջանում իր հոգսերը թեթևացնելու համար։
Ամեն դեպքում, իր սեփական բիզնեսը՝ սեփական տարածքում անհրաժեշտ սարքավորումներով ունենալու ցանկությունը դեռ օրակարգում է։
Առայժմ պատվերներով է աշխատում, մտածում է, որ վաճառքի կետ ունենա, իրացումն ավելի լավ կլինի։
Այս գործում Մարիամին օգնում է ամբողջ ընտանիքը՝ սկեսուրը ժենգյալով հաց է թխում, ազգականն օգնում է, ամուսինն էլ՝ առաքում։
Արցախի Մարտունիում տունուտեղը, ամեն ինչ թողած ընտանիքն ապագայի ծրագրերը Գյումրիում է գծում, որտեղ հաստատվեցին մեծ տեղահանումից հետո։
Այլ մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.